Լևոնտևը նամակով ներողություն է խնդրել իր ոչ պատշաճ մեկնաբանության համար. վարչապետի մամուլի ծառայություն
«Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղված նամակով ներողություն է խնդրել իր ոչ պատշաճ մեկնաբանության համար: Այս մասին տեղեկացրել են վարչապետի մամուլի ծառայությունից՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման:
Հարցին, թե արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ «Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը նամակով ներողություն է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից օրեր առաջ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերի ժամանակ հայ ժողովրդի հասցեին հնչեցրած անհարգալից մեկնաբանության համար, մամուլի ծառայությունից պատասխանել են.
«Այո, Միխայիլ Լևոնտևը գրավոր նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներողություն խնդրելով իր չափազանց զգացմունքային և ոչ պատշաճ մեկնաբանության համար՝ ընդունելով, որ քաղաքական հայացքների տարակարծությունը որևէ կերպ չի կարող արդարացնել արտահայտությունների մեջ իր կտրուկ և կոպիտ լինելը:
Նա նաև ընդգծել է, որ մեկնաբանության անհարկի զգացմունքայնությունը բխել է բացառապես Հայաստանի ճակատագրի վերաբերյալ նրա մտահոգություններով, որին նա համարում է Ռուսաստանի մտերիմ պատմական դաշնակից:
Նա հավաստիացրել է, որ տարաբնույթ հաղորդումներում իր մեկնաբանությունները որևէ կերպ չեն առնչվում «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշման հետ և հույս է հայտնել, որ իր անշրջահայաց պահվածքը որևէ կերպ չի անդրադառնա «Ռոսնեֆտ»-ի և Հայաստանի միջև դրական համագործակցության վրա»: