ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է նոր ամերիկյան պատժամիջոցներին
ԱՄՆ-ը, նոր պատժամիջոցներ կիրառելով Ռուսաստանի դեմ, փորձում է պատասխանել Սիրիայի դեմ ապրիլի 14-ին իրականացված հրթիռային հարձակման հետ կապված անհաջողության համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում:
Ավելի վաղ Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել մի շարք ռուսական պաշտպանական կառույցների նկատմամբ, այդ թվում և զենիթային հրթիռային զորքերի ուսումնական կենտրոնի, 18-րդ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի, 183-րդ գվարդիական զենիթային հրթիռային զորագնդի դեմ:
«Պաշտոնապես Ռուսաստանին փորձում են մեղադրել ամերիկյան օրենքը խախտելու մեջ, որն արգելում է ռազմա-տեխնիկական համագործակցությունն Իրանի, ԿԺԴՀ-ի և Սիրիայի հետ, ինչը մեր երկրի հետ որևէ առնչություն ունենալ չի կարող: Իրականում խոսքը ակնհայտորեն հաշվեհարդար տեսնելու մասին է այն իրավիճակի համար, որն ստեղծվել էր Սիրիայի դեմ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի իրականացրած հրթիռային հարձակումից հետո», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: