Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել անդունդում. վարորդը հոսպիտալացվել է. shamshyan.com
Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 27-ամյա Սարգիս Սարգսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, իր վարած Hyundai մակնիշի 01 MՏ 070 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 90 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել անդունդում:
Վթարի հետևանքով վարորդ Ս. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայի մոտից մեծ դժվարությամբ՝ ճոպաններով ու պատգարակով, դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ է գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: