Թրամփը հայտարարել է, որ իրեն արժանի չի համարում Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն արժանի չի համարում Խաղաղության Նոբելյան մրցանակին, սակայն հույս ունի հաղթանակ գրանցել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում:
«Բոլորն այդպես են մտածում, բայց ես այդպես չէի ասի: Գիտե՞ք, թե ես ինչ եմ ուզում անել: Ես ուզում եմ ավարտել դա (Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը): Մրցանակը, որը ես ցանկանում եմ, դա հաղթանակն է ողջ աշխարհի համար, ոչ միայն մեզ համար, այլ ողջ աշխարհի: Դա միակ մրցանակն է, որը ես ուզում եմ», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն արժանի է համարում խաղաղության մրցանակին:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող 18 անդամից կազմված խումբը պաշտոնապես դիմել էր Նոբելյան հանձնաժողովին՝ ԱՄՆ նախագահին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու նախաձեռնությամբ՝ ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը լուծելու համար: