Եթե ՀՀԿ-ը հայտարարում է, որ ընդդիմություն է, ուրեմն պետք է ԱԺ փոխնախագահի միայն 1 տեղ ունենա. սահմանադրագետ
Tert.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանն անդրադառնում է վերջին իրադարձություններից հետո Հայաստանի օրենսդիր մարմնում ստեղծված աննախադեպ իրավիճակի հնարավոր կարգավորումներին (երբ հեռացող իշխող մեծամասնությունը հայտարարում է, որ ընդդիմություն է, և կա փոքրամասնության կառավարություն, սակայն ԱԺ նախագահի ու 2 փոխնախագահների պաշտոնները Հայաստանի Հանրապետական կուսակցությանն են)։
-Պարո՛ն Այվազյան, ՀՀԿ-ն հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո լինելու է ընդդիմություն, սակայն հայտնի է, որ ԱԺ նախագահի, փոխնախագահների պաշտոններն ընդդիմություն-իշխող մեծամասնություն հարաբերակցությամբ են տրվում։ Էլ չեմ խոսում ԱԺ հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների պաշտոնները ընդդիմությանն ու մեծամասնությանն ըստ Դոնթի բանաձևի հատկացնելու մասին: Դեռ հայտնի չէ, թե նոր քաղաքական իրավիճակի պայմաններում լինելո՞ւ են հրաժարականներ, սակայն կցանկանայի ստանալ Ձեր՝ իբրև սահմանադրագետի մեկնաբանությունը: Ինչպե՞ս է սա կարգավորվում Սահմանադրությամբ, ընտրական օրենսդրությամբ:
-Այս իրավիճակը սահմանադրորեն չի կարգավորվում, և մի տեսակ ոչ ստանդարտ վիճակ է, որովհետև աբսուրդի ժանրից է, որ խորհրդարանական մեծամասնությունը լինի ընդդիմություն: Այլ հարց է, որ եթե իրենց կուսակցությունից (ՀՀԿ-ից) պաշտոնապես դուրս եկողներ լինեն և նրանց թվաքանակն այնքան լինի, որ ՀՀԿ-ն արդեն մեծամասնություն չկազմի, նոր այդ ժամանակ միայն «Ընտրական օրենսգրքի» քվոտաներով այդ հանձնաժողովների, ԱԺ նախագահի, փոխնախագահի խնդիր կլուծվի: Բայց այս պարագայում, քանի դեռ իրենք միասնական մեծամասնություն են, մնացած հայտարարություններն աբսուրդի ժանրից են:
-Հետևաբար՝ Հանրապետականի այն հայտարարությունը, որ լինելու են ընդդիմություն, դե յուրե ոչինչ չի նշանակում, այն սոսկ քաղաքական հայտարարություն է:
-Եթե ՀՀԿ-ն ընդդիմություն է, ինչո՞ւ չեն հրաժարվում ԱԺ նախագահի, փոխնախագահների պոստերից: Եթե իրենք ընդդիմություն են, իրենք պետք է պահեն 1 փոխնախագահի պոստը՝ ըստ սահմանադրական կարգավորումների: Եթե ընդդիմություն են, մշտական հանձնաժողովների նախագահների քանակով էլ պետք է զիջեն: Միայն հայտարարելով չէ: Դրա համար նման իրավիճակներում Ազգային ժողովն ազատ է արձակվում: Դրա համար Փաշինյանն էլ հայտարարեց, որ այս կառավարությունը ժամանակավոր է, և ես այն կարծիքին եմ, որ պետք է մի քանի օրենքներ շտկել՝ ԸՕ և այլն, և սահմանադրական հիմքերով Ազգային ժողովը ցրել: