Կստեղծվի «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ, որը կնպաստի գլոբալ շուկայում մրցունակ արտադրող դառնալուն. նախագիծ
Վաղը կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում է «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Ըստ նախագծի` «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծումը կնպաստի Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության տեխնոլոգիական զարգացմանը, գիտական և տնտեսական ներուժի լիարժեք օգտագործմանը ռազմարդյունաբերության ոլորտում:
«Հայաստանի Հանրապետությունը, ելնելով առկա ռազմաքաղաքական իրավիճակից, ստիպված է ստեղծել սեփական զինված ուժերի կարիքները բավարարող ժամանակակից ռազմական արդյունաբերություն, ռազմարդյունաբերության ոլորտում մշակել և իրականացնել հավակնոտ և հեռանկարային ծրագրեր:
ՀՀ կառավարության որոշմամբ «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծումը կնպաստի բարձր տեխնոլոգիական սպառազինության արտադրությունում մասնագիտանալուն և գլոբալ շուկայում գիտատար սպառազինության ընտրված ոլորտներում մրցունակ ու ճանաչված արտադրող դառնալուն:
Նախագծում նշվում է, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվեն հարաբերությունները լիազոր մարմնի և ռազմարդյունաբերական պատվերներ կատարող կազմակերպությունների միջև` գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացման հարցերում, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվի ներհանրապետական արտադրության տեսականին, ՀՀ զինված ուժերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, կստեղծվեն նախադրյալներ հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու համար: