ՌԴ-ում հետախուզում են հայտարարել ներդրումային ընկերության ղեկավար Կիմ Կարապետյանի նկատմամբ
Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները դաշնային հետախուզում են հայտարարել Մոսկվայում գործող Блэкфилд Капитал ներդրումային ընկերության ղեկավար Կիմ Կարապետյանի նկատմամբ, որը մեղադրվում է մայրաքաղաքի բնակչից խոշոր չափի գումար յուրացնելու մեջ:
Ինչպես հայտնում է moscow.regnews-ը, իրավապահ մարմինները պարզել են, որ 2011 թվականի հոկտեմբերին Կիմ Կարապետյանն անհայտ քաղաքացու հետ միասին պայմանագիր է կնքել Մոսկվայի բնակչի հետ վերջինիս ակտիվները կառավարելու վերաբերյալ:
«Այնուհետև Կարապետյանը գողացել է տուժածին պատկանող 154.3 մլն ռուբլի ծավալով դրամական միջոցները և թաքնվել»,- «Մոսկվա» գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Հաղորդվում է, որ մարտի 20-ին իրավապահ մարմինները Կարապետյանի դեմ քրեական գործ են հարուցել առավել խոշոր չափի խարդախության մեղադրանքով և դաշնային հետախուզություն են հայտարարել նրա նկատմամբ:
Блэкфилд Капитал ընկերությունը համարվում է ռուսական շուկայի առաջատարներից մեկը, որը արժեթղթերի կառավարման հետ կապված բրոքերային և դիլերային գործունեություն ծավալելու իրավունք ունի: