Սերժ Սարգսյանը շնորհավորել է Անգելա Մերկելին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Վստահություն հայտնելով, որ Մերկելի անցած հարուստ պետական և քաղաքական ուղին կշարունակի իր ծանրակշիռ ավանդը բերել Գերմանիայի զարգացմանն ու բարգավաճմանը, գերմանացի բարեկամ ժողովրդի բարեկեցությանը, միջազգային ասպարեզում Գերմանիայի ծանրակշիռ դերակատարության ամրապնդմանը, Հայաստանի նախագահը կանցլերին մաղթել է հաջողություններ բոլոր նախաձեռնություններում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Անգելա Մերկելի նոր պաշտոնավարման ընթացքում ևս հայ-գերմանական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
«Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ Գերմանիան Հայաստանի հուսալի գործընկերն է, ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական զարգացման ակտիվ աջակիցը: Այսօր հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը նոր մակարդակի վրա է, զարգանում են տնտեսական փոխգործակցությունը, մշակութային, միջխորհրդարանական և ապակենտրոնացված հարաբերությունները», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:
«Մեր երկիրն այս տարի թևակոխում է պետական զարգացման նոր փուլ. անցում է կատարում քաղաքական կառավարման մի համակարգի, որը տասնամյակներ շարունակ նպաստել է ԳԴՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը: Հայաստանի խորհրդարանական համակարգի կայացման ճանապարհին մեծապես կարևորում ենք Գերմանիայի կառավարության հետ սերտ համագործակցությունը», - իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Բարձր եմ գնահատում նաև գերմանական կողմի աջակցությունը ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը, որը նոր մակարդակի է բարձրացել 2017 թվականի նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շնորհիվ»:
Ուղերձում նախագահն անդրադարձել է նաև միջկուսակցական համագործակցությանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության միջև երկկողմ ձևաչափով և Եվրոպայի ժողովրդական կուսակցության շրջանակներում:
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Աննեգրեթ Քրամփ-Քարրենբաուերին՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: