Իհարկե կցանկանանք, որ «Մարտի 1-ի» 10 զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրվի, բայց ՀՀԿ-ն երբեք չի համաձայնի. Սարգիս Քլոյան
Երևանում «Մարտի 1-ի» 10 զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրելու՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության առաջարկին զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, կողմ է, սակայն վստահ է, որ ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը կողմ չի քվեարկի նախաձեռնությանը:
«Մենք, իհարկե, կուզենք, որ հուշարձան տեղադրվի, բայց Հանրապետականը երբեք չի համաձայնի և քվեարկի ի օգուտ մեզ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Քլոյանը:
Նշենք, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության նախագիծն արդեն քննարկվել է քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և ստացել բացասական եզրակացություն: Այդուհանդերձ հարցն ընդգրկվել է ավագանու մարտի 19-ի նիստի օրակարգում։
Նա նշեց, թե Զարուհի Փոստանջյանն իրենց հրավիրել է ավագանու նիստին. «Բայց ծնողներից շատերն այստեղ չեն, միայն ես եմ, ես էլ դուրս եմ գալիս, չեմ հասցնի 19-ին մասնակցել»։
Նշենք, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ հուշարձանի տեղադրումը «պատասխան է բռնության և անպատժելիության դեմ»: Ըստ նրա, ՀՀԿ խմբակցության անդամները կոչ են արել հետընտրական արյունալի իրադարձությունները խորհրդանշող հուշարձանը փոխարինել դրական հույզեր առաջացնող հրեշտակների կերպարներով: «Երկիր Ծիրանին» առաջարկում է հուշարձանը տեղադրել Մյասնիկյանի արձանի հետամասում գտնվող պուրակում, որն այժմ բարեկարգվում է. հուշարձանը քաղաքային բյուջեի վրա 0 դրամ կարժենա՝ թե՛ նախագծումը, թե՛ տեղադրումը կիրականացվի դրամահավաք կազմակերպելու միջոցով: