ՆԱՍԱ-ն փորձարկել է նոր ռոբոտ-սարքը, որը շուտով Մարս է ուղարկվելու
ՆԱՍԱ-ի աշխատակիցները ռեակտիվ շարժման լաբորատորիայում փորձարկել են InSight («Ինտուիցիա») անվանումն ստացած նոր ռոբոտը, որն այս տարվա նոյեմբերին Մարս է ուղարկվելու:
Ինչպես նշում է phys.org-ը, ռոբոտ-սարքի ձեռքն օգտագործվելու է այլ մոլորակի վրա առաջին անգամ առարկաներ բռնելու և տեղաշարժելու համար:
Այս սարքի առանձնահատկությունը, ի տարբերություն Կարմիր մոլորակում գտնվող այլ մարսագնացների, այն է, որ սարքը մնալու է կանգնած վայրէջքի տեղում և չի տեղաշարժվելու: Այս մեխանիկական սարքը նման է ոչ մեծ չափսի վերամբարձ կռունկի, որը կկարողանա տարատեսակ իրեր բարձրացնել և տեղափոխել:
Ինչպես նշվում է, սա առաջին սարքն է, որն ուսումնասիրելու է Կարմիր մոլորակի հողի խոր շերտերը: Այդ պատճառով այն անիվների փոխարեն ամուր հենարանով է համալրվել, որպեսզի կարողանա կանգնած մնալ ցանկացած մակերևույթի վրա:
Այն չի կարողանա տեղաշարժվել վայրէջքից հետո, և գիտնականները վայրէջքի տարբերակներ են մշակում: