Արման Ադամյանը դարձել է Ռուսաստանի ձյուդոյի երիտասարդական առաջնության չեմպիոն
Հայազգի մարզիկ, Վոլգոգրադի մարզի 21-ամյա բնակիչ Արման Ադամյանը դարձել է Ռուսաստանի երիտասարդական առաջնության (մինչև 23 տարեկան) հաղթող՝ դառնալով Ռուսաստանի ամենաուժեղ երիտասարդ ձյուդոիստներից մեկը: Այս մասին ասվում է Վոլգոգրադի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի կայքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ադամյանը հերթով «իր ճանապարհից հեռացրել է» մրցակիցներին Բաշկորտոստանից, Մոսկվայից, Եկատերինբուրգից, իսկ կիսաեզրափակչում հաղթել է իր հակառակորդին Մորդովիայից:
Որոշիչ մենամարտում մարզիկը հաղթել է Դոնի Ռոստովի ներկայացուցչին, ինչի շնորհիվ էլ հաղթող է ճանաչվել և երկրորդ անգամ արժանացել չեմպիոնի կոչման Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում:
Նշվում է, որ Ռուսաստանի երիտասարդական առաջնությանը մասնակցել է 500 մարզիկ: