ՀՀ-ը ոչինչ չի կորցնի հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ ճանաչելուց. գերմանացի հայագետ
Գերմանացի գիտնական, հայագետ, ցեղասպանագետ, պրոֆեսոր Տեսսա Հոֆմանի խոսքով՝ անակնկալ չէր, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի կողմից առոչինչ ճանաչվեցին:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ դեռ սեպտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում արդեն հայտարարել էր այդ մասին:
«Այնպես որ այն անակնկալ չէր, բայց ժամկետանց էր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ ճանաչելու մասին՝ հավատարիմ մնալով նախորդ տարի ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում արած հայտարարությանը, թե 2018-ի գարունը Հայաստանը դիմավորելու է առանց «սին» հայ-թուրքական արձանագրությունների:
Գերմանացի հայագետը նշեց, որ երբ հետ ենք նայում 2009 թվականին տիրող վիճակին՝ հիշում ենք, որ Ցյուրիխյան արձանագրությունները պարտադրվել էին Հայաստանին միջազգային հանրության և հզոր Միացյալ Նահանգների և Ռուսաստանի կողմից՝ ի հակառակ սփյուռքում և հենց Հայաստանում դրան ուղղված բողոքի:
«Բացի դրանից, ակնհայտ դարձավ ամենավաղ շրջանում էլ, որ Էրդողանը հակված չէ թույլատրել հաջողություն կարգավորման գործընթացում, որը պետք է նախատեսվեր արձանագրությունների վավերացմամբ․առաջ բերվեց Ղարաբաղյան հիմնախնդիրը»,- նշեց նա:
Ըստ Տեսսա Հոֆմանի՝ Հայաստանը ոչինչ չի կորցնի հայ-թուրքական արձանագրությունների առոչինչ ճանաչելուց, քանի որ դրանից ոչինչ չի էլ ստացել:
«Թուրքիայի կամ «իր ուժեղ տղամարդու» համար միշտ Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան փոքրիկ հարևան Հայաստանը: Այդ իսկ պատճառով ոչ ոք իրականում ոչինչ չի կորցնի: Ավելին, ավելի հրատապ խնդիրներ կան միջազգային հանրության սեղանին դրված, առաջին հերթին՝ ատոմային զենքի վերադարձը»,- նշեց նա: