Հայտնի հայեր, որոնք կյանքից հեռացել են 2017 թվականին
«ՌուսԱրմԻնֆո» լրատվամիջոցն անդրադարձել է 2017 թվականին կյանքից հեռացած հայտնի հայերին: Նախորդ տարվա մարտի 24-ին 91 տարեկանում մահացել է լեգենդար ջազմեն, Ֆրենկ Սինատրայի հայտնի Strangers in the Night հիթի երաժշտության հեղինակ, ամերիկահայ Ավո Ուվեզյանը:
Մարտի 24-ին 94 տարեկանում Մոսկվայում մահացել է Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը, որը հանրահայտ խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանի ավագ որդին էր:
2017-ի մարտի 27-ին կյանքի 89-րդ տարում մահացել է հայտնի ամերիկահայ գիտնական, շտրիխ կոդն ընթերցող սարքի ստեղծող Արմեն Ջոն Էսսերյանը:
2017-ի հոկտեմբերի 18-ին 68 տարեկանում կյանքից հեռացել է հայ հայտնի ձեռներեց, բարերար Լևոն Հայրապետյանը: Մորդովիայի գաղութներից մեկում պատիժ կրող Հայրապետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր: Դրանից առաջ էլ մի քանի անգամ սրտի կաթված էր տարել, սակայն ռուսական դատարանը կրկնակի մերժել է Հայրապետյանի փաստաբանների՝ նրան ազատ արձակելու խնդրանքը:
Նոյեմբերի 23-ին Նյու Յորքում 99 տարեկանում մահացել է լեգենդար պրոդյուսեր և ջազի պատմաբան Ջորջ Ավագյանը, որը համարվում էր ժամանակակից երաժշտարվեստի հիմնադիրներից մեկը: Ջորջ Ավագյանը Լուի Արմստրոնգի պրոդյուսերն էր և առաջին հայ երաժիշտը, ով արժանացել է «Գրեմմի» հեղինակավոր մրցանակին: