2017 թվականը դարձել է ամենաանվտանգն ավիացիայի պատմության մեջ
Անցյալ տարին դարձել է ամենաանվտանգն ավիափոխադրումների պատմության մեջ: Թեև ուղևորների թվաքանակը մի քանի անգամ ավելացել է, ավիավթարների հետևանքով մահացածների ցուցանիշը հասել է նվազագույնի: Այս մասին հաղորդում է DW.com-ը՝ մեջբերելով մի շարք իրազեկ կազմակերպությունների տվյալները:
Գերմանիայի օդային տրանսպորտի դաշնային միության տվյալներով՝ 1970-ականներին ավիավթարի հետևանքով մահանալու վիճակագրական հավանականությունը կազմում էր 1:264.000-ի, իսկ 2017-ին այդ ցուցանիշը կազմել է 1:127.500.000-ի:
Գերմանական միության տվյալներով՝ այսօր օդանավով թռչելը 482 անգամ ավելի անվտանգ է, քան 1970-ականներին: Aviation Safety Network կազմակերպության մասնագետները հայտնել են, որ 2017-ին ամբողջ աշխարհում մարդկային կորստով 9 ավիավթար է տեղի ունեցել, որոնց հետևանքով 67 մարդ է մահացել: Այս ցուցանիշը համարվում է ավիացիոն փոխադրումների պատմության նվազագույն ցուցանիշը։