ՆԱՍԱ-ի աստղագետները ստացել են «դարի աստերոիդի» մանրամասն լուսանկարները (լուսանկար)
ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) աստղագետներն «Արեսիբո» աստղադիտակի միջոցով ստացել են Ֆաետոն խոշոր աստերոիդի լուսանկարները: Դեկտեմբերի կեսին աստերոիդը մոտեցել է Երկրին 21-րդ դարի համար ռեկորդային հեռավորության վրա: Այս մասին ասվում է գործակալության կայքում:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Ֆաետոնն անցել է Երկիր մոլորակի կողքով 2017 թվականի դեկտեմբերի 16-ին: Այն մոտեցել է Երկրին ընդամենը 10 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, ինչը թույլ է տվել աստղագետներին մանրամասն տվյալներ ստանալ դրա ձևի, չափի և հատկանիշների մասին:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ֆաետոնը մի քիչ ավելի խոշոր է, քան կարծում էին գիտնականները. դրա տրամագիծը 6 կիլոմետր է:
Գիտնականների խոսքով՝ Ֆաետոնն այսքան մոտիկից տեսնելու հաջորդ հնարավորությունն աստղագետները կունենան 2093 թվականին, ինչը հատկապես արժեքավոր է դարձնում հավաքված տեղեկությունները: