2 տարին բավական իրատեսական ժամկետ է ԵՄ բոլոր երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար. Միհրան Հակոբյան
Եվրոպական միության անդամ-պետությունները 2 տարվա ընթացքում կարող են վավերացրել Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը:
«Կողմերը ստորագրել են համաձայնագիրը, եթե կա այն վավերացնելու համապատասխան կամք, ապա 2 տարին քիչ ժամանակ չէ համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտին հասցնելու համար: 2 տարին բավական իրատեսական ժամկետ է: Դա ոչ շատ է, ոչ քիչ, բավական օբյեկտիվ ժամանակ է, որի ընթացքում կարելի է դա հասցնել»,- նշեց Մ. Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ եվրոպական կողմն էլ հասկանում է, որ գործընթացը պետք է որքան հնարավոր է արագ ավարտվի, առանց բյուրոկրատիայի:
Դիտարկմանը, թե Վրաստանի և Ուկրաինայի պարագայում, երբ ստորագրվել էր Ասոցացման համաձայնագիրը, այդ գործընթացը տևեց մոտ 2 տարի, ինչո՞ւ պետք է Եվրամիությունն այս համաձայնագիրը նույն ժամկետում վավերացնի, երբ այն Ասոցացման չէ, հետաքրքրությունը նույնը չէ, Միհրան Հակոբյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, թե հետաքրքրությունն ավելի քիչ է: Իհարկե, այն կենսական անհրաժեշտության խնդիր չէ, բայց հնարավոր է մեկ ամսում էլ դա անել, եթե եվրոպական պետությունների խորհրդարանները նման ցանկություն ունենան»:
Հակոբյանն ասաց, որ եթե որևէ երկիր չցանկանար վավերացնել այս համաձայնագիրը, ինչի արդյունքում էլ հիմա փորձեր ձգձգել այս գործընթացը, ապա այն չէր էլ ստորագրի, բայց քանի որ համաձայնագիրը ստորագրված է, այն չվավերացնելն իմաստ չունի։
Միհրան Հակոբյանը դժվարացավ կանխատեսել, թե որ երկիրը կդառնա առաջինը, որը կվավերացնի այն: Ըստ նրա՝ չկա մրցավազք, թե ով առաջինը կվավերացնի փաստաթուղթը: Ամեն դեպքում, պատգամավորի համոզմամբ, չեն լինի պետություններ, ովքեր չեն վավերացնի պայմանագիրը: