Թուրքիայի և Նորվեգիայի արտգործնախարարները ՆԱՏՕ-ի զորավարժանքներին տեղի ունեցած սկանդալից հետո առաջին հանդիպումն են ունեցել
Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում տեղի են ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Նորվեգիայի արտգործնախարար Ինե Էրիքսեն Սյորեյդի բանակցությունները, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Դա երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումն է նոյեմբերին Նորվեգիայում տեղի ունեցած զորավարժանքներին գրանցված միջադեպից հետո:
Տեղի ունեցած զրույցում Նորվեգիայի արտգործնախարարն ընդգծել է, որ ինչպես Հյուսիսատլանտյան դաշինքը, այնպես էլ Նորվեգիան միջոցներ են ձեռնարկել միջադեպի հետաքննության ուղղությամբ:
«Հավատում եմ, որ այդ խնդիրը մնացել է անցյալում»,- ասել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Նորվեգիայում նոյեմբերի 8-17-ն անցկացված Trident Javelin զորավարժանքների կազմակերպիչները տեղադրել են «թշնամիների» պատկերներով ստենդ, որի վրա պատկերված են եղել Աթաթուրքը և ինքը՝ Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ իրեն այդ մասին հայտնել է Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարը: Վերջինս նշել է նաև, որ որոշում է կայացրել հետ կանչել ՆԱՏՕ-ի զորավարժանքներին մասնակցող 40 թուրք զինվորականներին: Թուրքիայի ղեկավարությունը պաշտպանել է այդ որոշումը:
Թուրքիային հասցված վիրավորանքի համար ներողություն է խնդրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, իսկ Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկ Բակե-Յենսենն ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի առնչությամբ, սակայն Էրդողանը հայտարարել է, որ դա բավարար չի համարում:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նորվեգական բանակի զինծառայողը, որը ներկայացրել է Թուրքիայի նախագահին որպես ՆԱՏՕ-ի թշնամիների աջակից, հեռացվել է զինված ուժերի շարքերից: