Lamborghini-ն ներկայացրել է ամենօրյա օգտագործման համար նախատեսված Urus սուպերքարը (լուսանկարներ)
Լյուքս դասի փոխադրամիջոցների արտադրությամբ զբաղվող իտալական Lamborghini ընկերությունը ներկայացրել է այնպիսի սուպերքար, որը կարելի է ամեն օր վարել՝ առանց թանկարժեք շարժիչին վնաս հասցնելու մտավախության:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ուշագրավ նորույթը ստացել է Lamborghini Urus անվանումը:
Հայտնի է, որ դրա նախնական օրինակը ցուցադրվել էր դեռևս 2012թ.՝ Պեկինի միջազգային ավտոսրահում: Այդ մոդելի ու նոր ներկայացված տարբերակի միջև արտաքին դիզայնին առնչվող տարբերություններ չկան:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա Urus-ը համալրված է 4լ աշխատանքային ծավալով, 650 ձիաուժ հզորությամբ երկտուրբո V8 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.6 վայրկյանում: Մինչդեռ մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 306 կմ/ժ է, ինչը գերազանցում է ներկայիս բազմաթիվ սպորտքարերի արագության ցուցանիշը:
Lamborghini-ն մտադիր է առաջին տարում մեքենան արտադրել 1.000 օրինակով:
Թեև մեքենայի գնի մասին տեղեկություն չկա, սակայն ենթադրվում է, որ այն կգերազանցի 200.000 դոլարը: