«Այնքան հուզված եմ». Քիմ Քարդաշյանը հայտարարել է գեղեցկության թեմայով նոր իրապատում շոուի ստեղծման մասին (տեսանյութ)
Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ պատրաստվում է իր դիմահարդար Մարիո Դեդանովիչի հետ նոր իրապատում շոու ստեղծել՝ նվիրված գեղեցկության թեմային:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, շոուն կոչվելու է Glam Masters, ինչը թարգմանաբար նշանակում է «Փայլի վարպետները»: Դրա առաջին եթերաշրջանի պրեմիերան կկայանա փետրվարի 28-ին: Շոուն կվարի Լավերն Քոքսը, իսկ Դեդանովիչը ևս 2 հայտնի դիմահարդարի հետ հանդես կգա որպես ժյուրի:
Երեսունյոթամյա Քարդաշյանը սոցցանցերում հայտնել է, որ ինքը կլինի շոուի գործադիր պրոդյուսերը:
«Այնքան հուզված եմ այս մասին հայտարարելու կապակցությամբ»,-գրել է աստղային շիկահերը: Այնուհանդերձ՝ դեռևս հայտնի չէ՝ Քարդաշյանն անձամբ նկարահանվելու է շոուում, թե ոչ:
Հիշեցնենք, որ այս տարի Քարդաշյանների բազմանդամ ընտանիքը նշել է իրենց համաշխարհային ճանաչում, ինչպես նաև հարյուրավոր միլիոն դոլարի եկամուտ բերած իրապատում շոուի 10-ամյակը: