Արգենտինայում ձերբակալվել է երկրի ամենահայտնի ֆուտբոլային գործիչներից մեկը՝ արգենտինահայ Նորայր Նակիսը
Արգենտինայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի առաջատար ֆուտբոլային գործիչներից մեկին՝ հայ համայնքի ներկայացուցիչ Նորայր Նակիսին, որը զբաղեցնում է Independente հայտնի ֆուտբոլային ակումբի փոխնախագահի և Deportivo Armenio ակումբի նախագահի պաշտոնները:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն՝ հղում անելով արգենտինյան լրատվամիջոցներին, ձերբակալության պահին նրա կողքին է եղել հանրահայտ երգիչ Թաթա Սիմոնյանը: Նակիսին ձերբակալել են նոյեմբերի 30-ին՝ փողերի լվացման մեղադրանքով:
Նորայր Նակիսը ծնվել է 1957-ին Արևմտյան Հայաստանի Սեբաստիա շրջնում՝ մի ընտանիքում, որը հրաշքով է ողջ մնացել Ցեղասպանության ժամանակ: 1961-ին ընտանիքը տեղափոխվել է Ստամբուլ, սակայն մի քանի տարի անց այնտեղից էլ տեղափոխվել են Արգենտինա, որտեղ տեքստիլ գործարան են հիմնել: Գործարանը կարճ ժամանակ անց սնանկացել է:
Նորայրը դեռ Ստամբուլում գտնվելիս երազել էր ֆուտբոլով զբաղվելու մասին, սակայն ընտանիքի ծանր վիճակը թույլ չէր տվել:
Որոշ ժամանակ անց նա եղբայրների հետ ոսկերչական բիզնես է հիմնել, որն սկսել է եկամուտ բերել, և արդյունքում եղբայրները դարձել են Բուենոս Այրեսի ոսկերչական խանութների ամենախոշոր ցանցի սեփականատերերը:
Նորայրը սկսել է ավելի շատ ժամանակ տրամադրել ֆուտբոլին և այցելել Deportivo Armenio հայկական թիմի խաղերին: Շուտով նրան առաջարկել են ֆուտբոլային մենեջերի պաշտոնն ակումբում: 1978-ից նա սկսել է աշխատել նաև Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայում, և հենց նրա նախաձեռնությամբ է 2014-ին Մարադոննան նշանակվել Արգենտինայի ազգային հավաքականի մարզիչ: