Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. թուրքական պարբերականի անդրադարձը
Թուրքիան կարող է դառնալ այն օղակը, որը կնպաստի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածության թուլացմանը. այդ կարծիքին է թուրքական Daily Sabah պարբերականի թղթակիցը, որն անդրադարձել է թուրք-ուկրաինական հարաբերություններում վերջերս նկատվող ջերմությանը:
Թեև դեռևս 25 տարի առաջ, երբ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նորանկախ Ուկրաինայի հետ, դրանք առանձնապես չէին տարբերվում ցանկացած այլ հետխորհրդային երկրի հետ ունեցած Թուրքիայի հարաբերություններից: Սակայն ժամանակի ընթացքում Ուկրաինայի և Թուրքիայի հարաբերությունները ստացան բոլորովին այլ մակարդակ, իսկ 2011թ.-ին դա հանգեցրեց բարձր մակարդակի ռազմավարական գործընկերության:
Ըստ պարբերականի՝ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի ժամանակների բազմավեկտոր արտաքին քաղաքականությանը վերադառնալ ցանկացող այս երկիրը պետք է հավասարակշռված հարաբերություններ պահպանի և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ, ինչպես նաև հարավում արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի պահանջ ունի: Այդ առումով Թուրքիան կարծես միակ երկիրն է, որ կարող է օգնել Ուկրաինային Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերություններում:
Թղթակիցը նշել է, որ զարգացնելով հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ Թուրքիան մտադիր է նույնն անել նաև Մոսկվայի հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն անցյալ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։