Անկարան պատրաստ է ամեն կերպ աջակցել Քիրկուկում գործողություն իրականացնող իրաքյան բանակին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է իրաքյան Քիրկուկում «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման ներկայությունն ու պատրաստակամություն հայտնել ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել նահանգում ռազմական գործողություն իրականացնող իրաքյան բանակին: Այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Հիշեցնենք, որ Իրաքի իշխանությունները մեղադրել են Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը Քիրկուկում ոչ պետական ուժերի և մասնավորապես՝ Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների հետ համագործակցելու համար:
Իրաքի անվտանգության հարցով նախարարական խորհուրդը նշել է, որ դրանով իսկ Իրաքյան Քրդստանը պատերազմ է հայտարարում մյուս իրաքցիներին և մնացյալ ուժերին:
Թուրքիան նույնպես դատապարտել է Իրաքյան Քրդստանին և կոչ արել հրաժարվել սխալներից, որոնք «Իրաքյան Քրդստանը վերջին շրջանում հաճախ է կատարում»: Թուրքիայի ԱԳՆ-ն շեշտել է, որ Քիրկուկում խաղաղությունն ու անվտանգությունը խախտող ՔԱԿ ուժերն անպայման կպատժվեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: