Տեսախցիկները ֆիքսել են Մոսկվայի կենտրոնում գործարար Գեորգի Աղապջանովի սպանության պահը (տեսանյութ)
Տեսախցիկները ֆիքսել են Մոսկվայի կենտրոնում՝ Նովոսլոբոդսկայա փողոցում, գործարար Գեորգի Աղապջանովի սպանության պահը, հայտնում է «Իզվեստիա»-ն:
Կադրերում երևում է՝ ինչպես է վարձու մարդասպանը մոտենում ավտոկայանատեղիում գտնվող ձեռնարկատիրոջը և առնվազն հինգ կրակոց արձակում նրա ուղղությամբ: Մի քանի փամփուշտ դիպել է տղամարդու գլխին:
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 16-ին: Տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
ՌԴ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ «սպանություն» և «զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով:
Այժմ դեպքի վայրում աշխատում են քննիչները և քրեագետները: Իրականացվում են քննչական միջոցառումներ հարձակվողի ինքնությունը և հանցագործության հանգամանքները պարզելու համար:
Ինչպես հայտնել են iz.ru-ի աղբյուրները՝ սպանվածը 38-ամյա Գեորգի Աղապջանովն էր:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայի կենտրոնում հայ տղամարդ է սպանվել: lenta.ru-ի աղբյուրի խոսքով՝ 44-ամյա տղամարդը երկուշաբթի՝ տեղի ժամանակով մոտ 08:30-ին, Նովոսոբլոդսկայա փողոցում դուրս գալուց է եղել իր ավտոմեքենայից, երբ մարդասպանը մի քանի փամփուշտ է արձակել նրա ուղղությամբ:
«Սպանության բնույթից ելնելով՝ այն նման է պատվիրված սպանության»,- նշել է լրատվամիջոցի զրուցակիցը։