Իրանում երեք մարդ է մահապատժի ենթարկվել
Իրանում մահապատժի են ենթարկվել հունվարին տեղի ունեցած բախումների երեք մասնակիցներ։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։
«Մաշհադ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների մասնակիցներ Մեհդի Ռասուլին և Ռեզա Միրին, «Մոսադի» գործակալներ հանդիսանալով, պատասխանատու են անվտանգության ուժերի ծառայողներից մեկի մահվան համար»,-հաղորդում է Իրանի դատական համակարգի Mizan Online պաշտոնական կայքը։
«Մահապատժի է ենթարկվել նաև Մաշհադում հրահրված անկարգությունների գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Էբրահին Դոլաթաբադին։ Նրա կազմակերպած գործողությունների հետևանքով անվտանգության ուժերի մի շարք ծառայողներ են զոհվել»,-պնդում են Իրանի պաշտոնական աղբյուրները։
Իրանը շարունակում է մահապատիժ կիրառող առաջատար պետություններից մեկը մնալ՝ այդ ցուցանիշով զիջելով միայն Չինաստանին։
Նորվեգիայում գործող «Իրանի մարդու իրավունքների կենտրոնի» տվյալներով՝ 2025 թվականին իսլամական հանրապետությունում 1500 մահվան դատավճիռ է կայացվել։
