Ո՞վ է սահմանում, թե որքան գեղեցիկ ես դու
Ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես Մայրության և գեղեցկության տոն։ Բայց այս օրը նաև առիթ է մի պահ կանգ առնելու և ինքներս մեզ հարցնելու՝ ի՞նչ ենք մենք իրականում հասկանում գեղեցկություն ասելով։ Եվ ամենակարևորը՝ ե՞րբ է կինը իրեն զգում գեղեցիկ։
Հաճախ, հատկապես այսօրվա նման օրերին, մենք շտապում ենք կանանց ծաղիկներ նվիրել, շնորհավորել, ասել՝ «գեղեցիկ եղեք»։ Բայց նույն հասարակությունը շատ արագ փոխում է իր լեզուն, երբ կինը հայտնվում է հանրային հարթակում և արտահայտում է տեսակետ։ Մեկնաբանություններում հնչում են ոչ թե հակափաստարկներ, այլ վիրավորանքներ՝ «նայե՞լ ես քեզ հայելու մեջ», «գնա նիհարի, նոր խոսիր», «քիթդ մեծ է», «մազերդ սարքած չեն»։
Այս արձագանքները ոչ միայն անձնական վիրավորանք են, այլ նաև հստակ ուղերձ՝ կնոջ ձայնը դեռևս չափվում է նրա արտաքինով։ Եվ հենց այստեղ է երևում հակասությունը․ մենք տոնում ենք գեղեցկությունը, բայց շարունակում ենք այն օգտագործել որպես գործիք՝ կանանց լռեցնելու համար։
Ժամանակակից աշխարհում գեղեցկությունը դարձել է ոչ միայն ինքնարտահայտման ձև, այլև հզոր ինդուստրիա։ Ամեն օր մեզ առաջարկվում են «կատարյալ» արտաքինի նոր չափանիշներ՝ փքված շուրթեր, ընդգծված այտոսկրեր, հարթ մաշկ, իդեալական մարմնի ձևեր, ֆիլտրերի և տարբեր հավելվածների «հնարավորությունների» մասին էլ չխոսենք։ Այս չափանիշները մշտապես փոփոխվում են, բայց դրանց հետևելու ճնշումը մնում է նույնը։
Պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ միջամտությունների ոլորտը հաճախ ներկայացվում է որպես լուծում։ Փոխիր քո արտաքինը և կդառնաս ավելի գեղեցիկ, ավելի ինքնավստահ, ավելի ընդունված։ Սակայն այս ուղերձն ունի խորքային ազդեցություն կանանց ընկալումների վրա։ Երբ գեղեցկությունը դառնում է արտաքին ձևերի շարք, կանայք սկսում են իրենց գնահատել ոչ թե ինքնատիպ ամբողջությամբ, այլ՝ առանձին թերություններով։
Բայց հարցը միայն հոգեբանական չէ։ Պլաստիկ միջամտությունները, նույնիսկ ամենատարածված և անվտանգ համարվողները, կարող են ունենալ առողջական ռիսկեր՝ բարդություններից մինչև երկարաժամկետ հետևանքներ։ Բացի ֆիզիկական ազդեցությունից, կան նաև հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ՝ անհագ դժգոհություն սեփական արտաքինից, կախվածություն փոփոխություններից, ինքնագնահատականի անկում։
Այս ամենի ֆոնին կարևոր է հիշեցնել, որ գեղեցկությունը ստանդարտ չէ, որին պետք է հասնել։ Այն բազմազան է, կենդանի և անհատական։ Կինը չի դառնում ավելի արժեքավոր՝ իր արտաքին փոփոխություններով։
Ապրիլի 7-ը, որը հաճախ ուղեկցվում է ծաղիկներով, շնորհավորանքներով և գեղեցիկ լինելու կոչերով, կարող է նաև դառնալ այլ դիսկուրսի սկիզբ այն մասին, թե ինչո՛ւ ենք մենք այդքան հաճախ կապում գեղեցկությունը արտաքինի հետ, և ինչո՛ւ է կինը հաճախ իրեն գեղեցիկ զգում միայն այն ժամանակ, երբ համապատասխանում է հասարակության սպասումներին։
Այս համատեքստում հարկ է խոսել մարմնի և արտաքինի բազմազանության մասին՝ փոխելով պատկերները, որոնք մենք տեսնում ենք ամեն օր։ Երբ մեդիայում, գովազդում, սոցիալական հարթակներում ներկայացվում են միայն միանման մարմիններ՝ նույն կազմվածքով, նույն տարիքով, նույն մաշկով, ձևավորվում է կեղծ ընկալում, թե հենց դա է «նորման»։
Իսկ իրականում նորման բազմազան է։ Տարբեր չափսեր, տարիքներ, մաշկի գույներ, առանձնահատկություններ՝ սպիներ, ձգվածքներ, կնճիռներ, բոլորը մարդու մարմնի բնական մաս են։ Երբ կինը մայրանում է, նրա որովայնի շրջանում առաջանում են զոլեր, և դա համադրելի է գեղեցկության հետ, չէ՞ որ մենք տոնում ենք մայրության ու գեղեցկության տոնը։ Եվ երբ այս բազմազանությունը դառնում է տեսանելի և ընդունված, կանայք դադարում են իրենց դիտարկել որպես բացառություն կամ անհաջող տարբերակ։
Իրական, ոչ ֆիլտրված մարմինների մասին խոսելը նույնքան կարևոր է։ Սոցիալական ցանցերը հաճախ ստեղծում են իդեալականացված իրականություն՝ ֆիլտրերով, լույսի ճիշտ անկյուններով, թվային խմբագրմամբ։
Այս միջավայրում համեմատությունը դառնում է անխուսափելի, իսկ արդյունքը՝ հաճախ ցավոտ։ Իրական մարմինների մասին խոսելը նշանակում է կոտրել այս պատրանքը․ ցույց տալ մաշկի բնական կառուցվածքը, պատմել փոփոխությունների մասին՝ հղիությունից հետո, տարիքով պայմանավորված։ Դա նաև նշանակում է բաց խոսել տարբեր լինելու մասին՝ առանց ամաչելու կամ արդարանալու։ Այս անկեղծությունը ազատագրող է, որովհետև թույլ է տալիս տեսնել, որ իդեալականը հաճախ պարզապես լավ թաքցված և փոփոխված իրականությունն է։
Երբ կնոջ արժեքը երկար ժամանակ կապվել է նրա արտաքինի հետ, դժվար է միանգամից դուրս գալ այդ շրջանակից։ Բայց հնարավոր է՝ աստիճանաբար տեղափոխելով շեշտադրումը դեպի այն, ինչն իրականում բնութագրում է մարդուն՝ կարողությունները, մտքերը, հարաբերությունները, ազդեցությունը շրջապատի վրա։ Սա նաև նշանակում է դադարել օգտագործել արտաքինը որպես հիմնական չափանիշ՝ թե՛ ինքներս մեզ, թե՛ մյուսներին գնահատելիս։
Սեփական անձը սիրել սովորելը ամենաբարդ, բայց ամենակարևոր գործընթացն է։ Սա չի նշանակում միշտ գոհ լինել կամ երբեք կասկածներ չունենալ։ Սեփական անձը սիրելն ավելի շատ վերաբերմունք է, քան զգացում։ Այն սկսվում է այն պահից, երբ կինը դադարում է իր հետ խոսել քննադատության լեզվով և սկսում է վերաբերվել իրեն նույն հոգատարությամբ, ինչպես կվերաբերվեր մեկ այլ սիրելի մարդու։
Ուստի, շնորհավոր ձեր տոնը, գեղեցիկներ, ու միշտ նայեք ձեզ որպես ամբողջություն, այլ ոչ որպես շտկման ենթակա մարմին։ Կանայք միշտ գեղեցիկ են, երբ իրենց լսում են, գնահատում, ընդունում՝ ոչ թե արտաքինի, այլ գոյության համար։ Երբ իրենք իրենց հետ խաղաղ, ներդաշն են։
Գուցե հենց այստեղից էլ պետք է սկսվի գեղեցկության մասին մեր նոր խոսակցությունը։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am
The post Ո՞վ է սահմանում, թե որքան գեղեցիկ ես դու first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
