Պահանջում եմ՝ իրավապահ համակարգը հետաքննություն սկսի ու պարզի իսկությունը, կեղծիք ու սուտ է հնչեցվել. Հակոբյանը՝ Փաշինյանի մասին
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր Մետաքսե Հակոբյանը
– Տիկի՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը հերթական ճեպազրույցի ժամանակ, կրկին անդրադառնալով արցախահայության բռնի տեղահանման հարցին, ասել է, որ նրանք իսկապես «փախել են, ճողոպրել, որ չեն կռվել» և այլն, որ զգուշացրել է արցախահայության ներկայացուցիչներին՝ «եթե դուրս գաք, այլևս վերադարձի հնարավորություն չի լինի Արցախ»: Ձեր գնահատականն ու դիտարկումները խնդրեմ, նման զգուշացում արվե՞լ է:
– Փաշինյանի այդ հայտարարությունն ամբողջությամբ լսել եմ և ոչ միայն այդ, ու դրանից հետո իմ մեջ հարց ծագեց. Հայաստանում մենք իրավապահ համակարգ ունե՞նք: Բավական ժամանակ է, ինչ նա ու հատկապես մետրոյի հայտնի դեպքից հետո, սկսեց սխալը սխալի հետևից գործել: Մեկ շաբաթ շարունակ այս մարդը իր սեփական հանցագործությունների մասին հաղորդում է տալիս, բայց իրավապահ համակարգից արձագանք չկա, որովհետև այդ համակարգը ծառայում է միայն հենց այդ մարդուն:
Նա կրկին ասաց, որ մեր երեխաներին գիտակցաբար տարել և զոհել է պատերազմում, երեկվա ճեպազրույցի ընթացքում բացարձակ կեղծիք ու սուտ է հնչեցրել, ես պահանջում եմ, որ իրավապահ համակարգը հետաքննություն սկսի ու պարզի իսկությունը: Հոխորտում է, թե փաստաթղթեր կհրապարակի, երևի նույնպիսին, ինչպիսին բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակեց, որոնք ևս, ի դեպ, փաստեցին, որ Արցախը հանձնել է ինքը ու Հայաստանի գլխին վտանգ բերել, ընդ որում՝ հազարավոր զոհերի գնով:
Անդրադառնալով երեկ հնչեցրած կեղծիքներին՝ ես ընդամենը կասեմ ճշմարտությունը. ես չգիտեմ, թե ում ինչ է տեղյակ պահել, որովհետև ինչպես ներկայացնում էին այն ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ու իշխանության ներկայացուցիչները, շփումը երկու անձի միջև էր՝ Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, մյուս գերատեսչությունների պաշտոնյաների միջև շփում չի եղել:
Փաշինյանի խոսքերն այսօր կարող էր հաստատել կամ հերքել միայն Արայիկ Հարությունյանը, որը նույն Փաշինյանի ձեռքով Բաքվում պատանդառության մեջ է: Բայց կան բազմաթիվ քաջատեղյակ մարդիկ, հատկապես Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմի անդամները կարող են փաստել, որ Արայիկ Հարությունյանը Արցախի շրջափակման ժամանակ բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պահանջում են իրենից հանձնվել Ադրբեջանի իշխանություններին, ապրել ադրբեջանական դրոշի ներքո, ունենալ ադրբեջանական անձնագրեր, դա է միակ ելքը, ու Հայաստանը չի պատրաստվում որևէ գործընթացի մեջ դերակատարում ունենալ:
Նույն Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ Արցախում սպասվում է ցեղասպանություն, հայտարարել է այդ մասին՝ ձեռքերը ամեն ինչից լվանալով: Այսինքն՝ Արցախում կատարվողի մասին ինքը շատ լավ գիտեր, այդ մասին չգիտեինք մենք՝ Արցախի ժողովուրդը:
Հաջորդ փաստը, որ կուզեի արձանագրել, հետևյալն է. 2023-ի սեպտեմբերի 19-ի առավոտյան, երբ ԱԺ նախագահը խմբակցության ղեկավարների հետ գնում էր Ակնայի այն հատվածը, որտեղ ժողովուրդը բարիկադ էր կառուցել ու չէր թողնում, որ ադրբեջանական Կարմիր մահիկի մեքենաները մտնեին Արցախ, Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զանգահարել է Արցախի ԱԺ նախագահին, դրան ներկա են եղել նաև խմբակցության ղեկավարները, ու փորձել է հասկանալ, թե ինչ է կատարվում Արցախում, մի քանի անգամ հարցրել է՝ ամեն ինչ նորմա՞լ է, որևէ ռազմական գործողություն չկա՞, ու այդ զանգը տեղի է ունեցել Ադրբեջանի հարձակումից մի քանի ժամ առաջ: Փաստորեն այդ ամենից տեղյակ էր նաև Ալեն Սիմոնյանը ու փորձում էր ճշտումներ անել, բայց որևէ կերպ չզգուշացնել:
Ինչ վերաբերում է զենք-զինամթերքի վերաբերյալ արված իր դատարկ հայտարարություններին, ապա ասեմ, որ շրջափակման ժամանակ Արցախում բնակչության մեծ մասը մանկահասակ երեխաները, ծերերն ու կանայք էին, 20-30 հազար կռվող տղամարդ կար: Գերագույն, հզոր հրամանատարը ինչպե՞ս է պատկերացնում, որ այդ անթիվ-անհամար զենք-զինամթերքը կիրառեին 20-30 հազար տղամարդը, չէ՞ որ մարդկային ռեսուրսի խնդիր կա, թե՞ իր պատկերացմամբ պետք է նորածին երեխաները, կանայք ու ծերերը ևս զենք վերցնեին:
Նա ամբողջովին մանիպուլացնում, խաբում ու կեղծում է, ստացվում է, որ Հայաստանի ղեկավարն այսօր, վստահ լինելով իր անպատժելիությանը, այս ու այն ամբիոններից սուտ տեղեկություններ է տարածում: Նա երեկ բացահայտ հայտարարեց, որ այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու, այսինքն՝ քանի մոտենան ընտրությունները, ինքն այս ատելության, բաժանման մթնոլորտը խորացնելու է, մեծացնելու է բռնաճնշումները՝ հատկապես Արցախի բնակչության ու քաղաքական էլիտայի նկատմամբ: Այս իշխանություններն արդեն հատել են բոլոր կարմիր գծերը, այս իշխանությունը ոչնչի առաջ կանգ չի առնելու, որպեսզի պահպանի իր իշխանությունը:
– Բայց արցախահայությունը ի՞նչ վտանգ է ներկայացնում իր իշխանությանը, որ պետք է բռնաճնշումներ սկսի նրանց նկատմամբ:
– Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Իլհամ Ալիևը շատ լավ գիտեն, որ զենքի ուժը իրավունքի ուժի նկատմամբ գերակա չի մնալու: Այս առուոմով նախադեպն Արցախն էր, երբ զենքի ուժով Ալիևը հայաթափեց հայկական Արցախը, այսօր աշխարհը շատ լավ գիտակցում է, որ եթե իրավունքի ուժը չսկսի գերակայել, ապա դա լինելու է աշխարհի կործանման սկիզբը, պետք է գործող այս պայմանները փոխվեն: Ալիևը մոտ երկու ամիս առաջ հայտարարեց, որ իրեն բավական է մեկ տարի, որ այս իշխանությունը Հայաստանում մնա իշխանության, ինչո՞ւ, որպեսզի Սահմանադրությունը ամբողջությամբ փոխվի, ինչը հնարավորություն կստեղծի Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որպեսզի հասնեն իրենց դարավոր նպատակներին:
Այսօր արցախցիների լինելությունը, արցախցիների խոսելը վնաս են այս իշխանությունների լինելությանը ու Ադրբեջանի երազանքների իրականացմանը: Արցախի վերաբերյալ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները պայմանավորվածություն են ունեցել, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չլինի, որ երբ Արցախի բռնի տեղահանման ամբողջական օկուպացիան սկսեն, այդ ժամանակ Արցախի ժողովուրդը չունենար իշխանություն, որ որևէ մեկը չկարողանար համախմբել արցախցիներին, որ չկարողանային տարբեր հարթակներից խոսել արցախահայության իրավունքների մասին: Բայց այս մասով իրենց պլանները չկատարվեցին, մենք կարողացանք համախմբվել ու նոր նախագահ ընտրել, ինչը ևս Փաշինյանը մանիպուլացնում է:
– Այսինքն, Ձեր գնահատմամբ գործող իշխանությունները փորձում են նաև իրավական հարթությունում ձևակերպել Ադրբեջանի գործողությունները Արցախի ուղղությամբ՝ հնարավոր հետագա խնդիրները կանխելու նպատակով, տիկի՛ն Հակոբյան:
– Այո, այո, ու այդ մասին խոսում է հենց ադրբեջանական պաշտոնական մամուլը, երբ նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այսպես կոչված դատավճիռները հրապարակեցին, նրանք ասացին, թե սա արդարության կայացումն էր օրենքի ուժով, հաջորդ քայլով արդարությունը պետք է Հայաստանում ամրագրվի՝ այն է Սահմանադրության ամբողջական փոփոխությունը:
Եթե այս ամենը լինի, Հայաստանում հետագայում արդեն ինչ իշխանություն էլ գա, որևէ բան փոխելու հնարավորություն չի ունենա:
Ադրբեջանի նպատակը դա է հիմա, որ այս իշխանության ձեռքով իր քայլերի իրավական ամրագրումն անի: Շատ քաղաքական ուժեր այսօր լրջորեն չեն մոտենում այն փաստին, որ այս իշխանության վերընտրվելու միակ նպատակը Սահմանադրության ամբողջական փոփոխությունն է՝ Հռչակագիրը հանելը, ինչը և բերելու է Հայաստանի չլինելությանը ու Արցախի հարցի իրավական ու վերջնական փակմանը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Պահանջում եմ՝ իրավապահ համակարգը հետաքննություն սկսի ու պարզի իսկությունը, կեղծիք ու սուտ է հնչեցվել. Հակոբյանը՝ Փաշինյանի մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
