Իրանի առաջնորդները ցանկանում են բանակցություններ վարել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը դիմել է իրեն՝ բանակցություններ անցկացնելու խնդրանքով։ Համապատասխան հայտարարությունը Սպիտակ տան ղեկավարը արել է կիրակի՝ հունվարի 11-ին, Air Force One ինքնաթիռում գտնվելու ընթացքում։
«Իրանի առաջնորդները զանգահարել են», – ասել է Թրամփը՝ նշելով, որ «հանդիպումը կազմակերպվում է»։ «Նրանք ցանկանում են բանակցություններ վարել», – ընդգծել է նա։ Միևնույն ժամանակ Թրամփը հավելել է, որ «հնարավոր է՝ մեզ անհրաժեշտ լինի գործել մինչև հանդիպումը», սակայն չի մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը։
Թեհրանում առայժմ չեն մեկնաբանել ԱՄՆ նախագահի հայտարարությունները։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նշել էր, որ Սպիտակ տունը և ամերիկյան զինված ուժերը վերլուծում են Իրանում գործողությունների տարբերակները՝ ցուցարարներին աջակցելու նպատակով։ «Զինվորականները ուսումնասիրում են իրավիճակը, և մենք դիտարկում ենք մի շարք շատ կոշտ տարբերակներ», – լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ կապի մեջ է Իրանի ընդդիմության առաջնորդների հետ։
The post Իրանի առաջնորդները ցանկանում են բանակցություններ վարել. Թրամփ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
