Սռնվազն 62 զոհ, հազարավոր ձերբակալվածներ. Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են
Իրանում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերը օր օրի ավելի լարված բնույթ են ստանում։ Տնտեսական ճգնաժամի, արժույթի կտրուկ արժեզրկման և կյանքի թանկացման դեմ սկսված ցույցերը վերածվել են իշխանության դեմ ուղղված ամենախոշոր ալիքներից մեկի վերջին տարիներին։ Բախումների և ուժայինների գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 62-ի, իսկ ձերբակալվածների թիվը՝ ավելի քան 2300-ի։
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ անվտանգության ուժերը պատրաստվում են կոշտ միջոցների։ Նա ցուցարարներին մեղադրել է «սեփական փողոցները ավերելու» մեջ՝ պնդելով, թե նրանք գործում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաճոյանալու համար։ Իրանական պետական հեռուստատեսությունը ցուցարարներին սկսել է անվանել «ահաբեկիչներ», ինչը շատերի գնահատմամբ հստակ ազդանշան է հնարավոր լայնածավալ բռնաճնշումների մասին։
Այս մասին հայտնում է Associated Press-ը (AP)։
Իրանի դատական իշխանությունների ղեկավարը հայտարարել է, որ ցուցարարների նկատմամբ պատիժները կլինեն «վճռական և առանց զիջումների»։ Միաժամանակ իշխանությունները ամբողջությամբ անջատել են ինտերնետը և միջազգային կապը, ինչը խիստ բարդացնում է երկրում տեղի ունեցողի ամբողջական պատկերի ստացումը։
Այնուամենայնիվ, ակտիվիստների տարածած կարճ տեսանյութերում երևում են Թեհրանի և այլ քաղաքների փողոցներում վառվող մեքենաներ, խարույկներ, ինչպես նաև հակակառավարական վանկարկումներ։ Կան հաղորդումներ նաև այլ քաղաքներում զոհերի մասին, այդ թվում՝ անվտանգության ուժերի ներկայացուցիչների շրջանում։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները զգուշացնում են, որ կապի խափանումը կարող է հնարավորություն տալ ուժայիններին գործել առանց արտաքին վերահսկողության։ Նրանց գնահատմամբ՝ իրավիճակը շարունակում է սրվել, իսկ զոհերի թիվը կարող է աճել։
The post Սռնվազն 62 զոհ, հազարավոր ձերբակալվածներ. Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
