Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել․ ԱՄՆ գլխավոր դատախազ
ԱՄՆ գլխավոր դատախազ Փամելա Բոնդին հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանում։ Այս մասին նա տեղեկացրել է X հարթակում:
«Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանում։ Նիկոլաս Մադուրոյին ներկայացված մեղադրանքները վերաբերում են նարկոահաբեկչական դավադրության, կոկաինի ներմուծման դավադրության, ինքնաձիգների և պայթուցիկ սարքերի ապօրինի պահպանման, ինչպես նաև՝ Միացյալ Նահանգների դեմ զենք և պայթուցիկներ գործադրելու դավադրությանը։
Շուտով նրանք կանգնելու են ամերիկյան արդարադատության առաջ՝ ԱՄՆ տարածքում, ամերիկյան դատարաններում։ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին՝ ամերիկացի ժողովրդի անունից պատասխանատվություն պահանջելու խիզախության համար, ինչպես նաև մեր խիզախ զինվորականներին՝ այս երկու ենթադրյալ միջազգային թմրակարտելների ներկայացուցիչներին հաջողությամբ ձերբակալելու, իրականացված բարձր արդյունավետ գործողության համար»։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ամերիկյան հատուկջոկատայինները Վենեսուելայում իրականացրած գործողության արդյունքում ձերբակալել և երկրից դուրս են բերել Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։
The post Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել․ ԱՄՆ գլխավոր դատախազ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
