ԱՄՆ-ը հայտարարում է՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վերցվել է վերահսկողության տակ և դուրս է բերվել երկրից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները իրականացրել է լայնածավալ հատուկ գործողություն, որի ընթացքում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, վերցվել են ԱՄՆ իրավապահ կառույցների վերահսկողության տակ և տեղափոխվել են Վենեսուելայից դուրս։
Ինչպես գրում է The Guardian-ը, Թրամփը նշել է, որ գործողությունն անցկացվել է ԱՄՆ ուժային և իրավապահ կառույցների մասնակցությամբ, իսկ մանրամասները կհրապարակվեն նախատեսվող մամուլի ասուլիսի ընթացքում։
«Վենեսուելայի իշխանությունները, իրենց հերթին, մեղադրում են Վաշինգտոնին «ռազմական ագրեսիայի» և երկրի ինքնիշխանության խախտման մեջ՝ պնդելով, որ հարվածներ են հասցվել մի շարք ռազմական և քաղաքացիական օբյեկտների։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ շարունակվում է տվյալների ճշգրտումը զոհերի և տուժածների վերաբերյալ»,-գրում է The Guardian-ը։
Լարվածությունը Վենեսուելայում սրվել էր նախորդ գիշեր մայրաքաղաք Կարակասում և մի շարք նահանգներում արձանագրված պայթյունների ֆոնին։ Դեպքերի մասին միջազգային գնահատականները ներկայումս տարբեր են, իսկ իրավիճակը մնում է անորոշ։
The post ԱՄՆ-ը հայտարարում է՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վերցվել է վերահսկողության տակ և դուրս է բերվել երկրից first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
