Էրդողան․ Հայաստանը մեղմել է իր դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» հարցում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանը նախկինում դեմ էր «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, սակայն այժմ ցույց է տալիս ավելի ճկուն մոտեցում՝ տնտեսական ինտեգրացիայի շահերից ելնելով։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Էրդողանը նման հայտարարություն է արել լրագրողների հետ զրույցում՝ Բաքու կատարած այցից վերադառնալիս ինքնաթիռում։
««Զանգեզուրի միջանցքի» բացումը կդառնա ռազմավարական զարգացում նաև Միջին միջանցքի համար։ Այս միջանցքի միջոցով թուրքական արտադրանքը Կասպից ծովով ավելի արագ կհասցվի Կենտրոնական Ասիա և Չինաստան։ Իսկ Եվրոպայից Չինաստան բեռնափոխադրումները կիրականացվեն Թուրքիայի միջոցով։ Միջանցքը միացնում է մի շարք երկրներ՝ հարավից սկսած և հասնելով մեզ ու Ադրբեջանին։ Բացի այդ, այն նաև կապվում է մի գծի հետ, որն անցնում է Չինաստանի տարածքով, ինչը հավելյալ ռազմավարական կարևորություն է տալիս այդ ճանապարհին։ Մենք այս գործընթացում մեր բոլոր քայլերը կատարում ենք առավելագույնս ճշգրտությամբ»,-նշել է նա։
Էրդողանը նաև ընդգծել է «Զանգեզուրի միջանցքի» մեծ ներուժը միջազգային բեռնափոխադրումների ոլորտում։
«Այս գիծը ներառում է նաև երկաթուղային համակարգ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս հարցը համարում է առանցքային։ Իրաքն էլ հետաքրքրություն է ցուցաբերում այս նախագծի հանդեպ։ Կգործի մի գիծ, որը կանցնի Իգդիրով, կկապվի Նախիջևանի հետ և կշարունակվի այնտեղից։ Այս գծի կառուցմամբ կարևոր քայլ կկատարենք բեռնափոխադրումների ոլորտում»,-ասել է Էրդողանը։
The post Էրդողան․ Հայաստանը մեղմել է իր դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» հարցում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
