Ես ուշադիր հետևում եմ ՌԴ նախագահի հայտարարություններին, այլ պաշտոնյաների հայտարարություններին պարտավոր չեմ հետևել․ Փաշինյանը՝ Զախարովայի հայտարարությունների մասին
Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում ես կողմնորոշվում եմ ռուսաստանցի իմ գործընկերոջ հայտարարություններով։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա խամոյանի այն դիտարկմանը, որ հայ-ռուսական հարաբերությունները սրված են, իսկ ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան այսօր ոչ բարեկամական է որակել պաշտոնական Երևանի վերջին քայլերը։
«Ես ուշադիր հետևում եմ ՌԴ նախագահի հայտարարություններին, ով ասաց, որ Հայաստանի հետ հարաբերություններում և ինձ հետ հարաբերություններում խնդիրներ չկան», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ պարտավոր չէ հետևել այլ պաշտոնյաների հայտարարություններին։
Դիտարկմանը, որ օրերս վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք պետությունների առաջնորդների հետ, իսկ ՌԴ նախագահին միայն նամակ է հղել, մինչդեռ Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցը եղել է հուլիսի 5-ին, ինչից հետո սահմանային իրավիճակը միայն սրվել է, վարչապետը պատասխանեց․
«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման օրից ես մոտ 7-8 հետախոսային խոսակցություն եմ ունեցել ՌԴ նախագահի հետ։ Մյուս գործընկերների հետ, ըստ էության, կամ ոչ մի խոսակցություն չեմ ունեցել կամ շատ ավելի պակաս խոսակցություն եմ ունեցել։ Այստեղ, չեմ կարծում, խնդիր կա, որովհետև հեռախոսազանգի նպատակն այն է, որ կիսենք տեղեկությունը, քննարկենք այն իրավիճակը, որից մյուս գործընկերները տեղեկություն չունեն», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ ՌԴ նախագահը բոլոր անհրաժեշտ տեղեկություններն իրենից բնավոր և գրավոր տեսքով ստացել է, բացի այդ իրենք նաև հանդիպել են այդ ընթացքում։
