Հայ հեծյալը վարկանշային միավորներ է հավաքել Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի ձիասպորտի հավաքականի դրոշի ներքո հանդես եկող Քերի Շոփֆ-Աղաջանյանը հաջողությամբ շարունակում է օլիմպիական վարկանիշային ելույթները:
Քերին 67 միավորով հարստացրել է Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրի «պաշարը»: Այդ արդյունքը նա գրանցել է Գերմանիայի Ռիզնբեք քաղաքում անցկացված գեղավարգի Եվրոպայի առաջնությունում:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը տեղեկացրել է, որ մարզուհին առաջիկա վարկանիշային մրցումներին նույնպես կմասնակցի:
Սեպտեմբերի 23-ին Երևանում կանցկացվի ՀՀ անկախությանը նվիրված մրցաշար: Մասնակիցները հանդես կգան արգելքների հաղթահարում մրցաձևում, իսկ հոկտեմբերին նախատեսված է ՀՀ բաց առաջնությունը, որին հնարավոր է նաև արտերկրյա մարզիկների մասնակցությունը:
