ՆԱՏՕ-ն Իրանին կոչ է արել զերծ մնալ ապակառուցողական գործողություններից, բաց ջրերում նավերի առևանգումից, կառուցողական դեր խաղալ կայունության ու խաղաղության ապահովման գործում
Իրանի աջակցությունն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին ազդում է եվրատլանտյան անվտանգության վրա։ Այս մասին ասվում է Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։
Այսօր հանդիպել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները և ընդունել համատեղ կոմյունիկե։
«Մենք կոչ ենք անում Իրանին դադարեցնել ռազմական աջակցությունը Ռուսաստանին, հատկապես անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարումը, որոնք օգտագործվում են կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակվելու և բազմաթիվ քաղաքացիական զոհերի պատճառ դառնալու համար»,- ասվում է հայտարարության մեջ
Ռազմաքաղաքական բլոկը «խորը մտահոգություն» է հայտնել «դաշնակցային տարածքում Իրանի չարամիտ գործողությունների» կապակցությամբ։
«Մենք նաև կոչ ենք անում Իրանին զերծ մնալ ապակառուցողական գործողություններից, ինչպես նաև բաց ջրերում նավերի առևանգումից ու կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովման գործում»,- ասվում է կոմյունիկեի մեջ։
