Պուտինը կարծում է, որ կարող է կոտրել ՆԱՏՕ-ն, բայց նա չի կարող դա անել, հատկապես, երբ Դուք մեզ հետ եք. Բայդենը՝ Ստոլտենբերգին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին չի հաջողվել կոտրել ՆԱՏՕ-ն, հատկապես, քանի դեռ Ենս Ստոլտենբերգը մնում է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին գրում է rbc.ru-ն:
«Նախագահ Պուտինը դեռ կարծում է, որ կարող է կոտրել ՆԱՏՕ-ն, բայց նա չի կարող դա անել, հատկապես, երբ Դուք մեզ հետ եք», - ասել է Բայդենը Ստոլտենբերգին՝ ողջունելով նրան Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Նա հավելել է, որ շատ կարևոր է, որ Ստոլտենբերգը շարունակի գլխավորել ՆԱՏՕ-ն Ուկրաինայում պատերազմի ժամանակ։
«Ոչ ոք Ձեզնից լավ չի տիրապետում իրավիճակին։ Եվ սա պատմական պահ է, Ֆինլանդիան և Շվեդիան միանում են ՆԱՏՕ-ին, Ձեր ղեկավարությունը մեծ դեր է խաղում»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
Հուլիսի 4-ին Ստոլտենբերգը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր լիազորությունները երկարաձգվել են ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։
