Երիտասարդական ԵԱ․ Լեւիկ Միքայելյանը՝ արծաթե մեդալակիր
Լեւիկ Միքայելյանը արծաթե մեդալ նվաճեց Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալահվերդիեւի հետ եւ պարտվեց 0:2 հաշվով:
Առաջին մրցափուլը Լեւիկ Միքայելյանն ակտիվ սկսեց, որոշ հնարքների գնաց, բայց անհաջող էին: Մրցավարը երկու անգամ հայ ըմբիշին պասիվության նկատողություն տվեց եւ հաշիվ բացեց: Մրցակիցները գնացին հանգստի 0:1 հաշվով ադրբեջանցու առավելությամբ:
Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը պասիվության զգուշացում տվեց ադրբեջանցուն, բայց մրցակիցը կարողացավ աշխատանքային գոտուց դուրս բերել Միքայելյանին եւ եւս մեկ միավոր ավելացնել իր հաշվին:
Լեւիկ Միքայելյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 12:1 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Դարիո Դիտրիխին: Քառորդ եզրափակիչում նա ժամանակից շուտ 11:0 հաշվով առավելության էր հասել սլովակ Ռոբերտ Մարտին Մեժառոսի նկատմամբ, կիսաեզրափակիչում էլ 19:9 հաշվով պարտության էր մատնել Բենջամին Զալան Բոեյտեին:
Հուլիսի 2-ին Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտեր կանցկացնեն Հայաստանի եւս երեք ներկայացուցիչներ՝ Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյան (86 կգ) եւ Կնյազ Իբոյանը (92 կգ):
Հայկ Պապիկյանը չեմպիոնի կոչման համար կմրցի Գերմանիան ներկայացնող Ստաս Դավիթ Վոլֆի հետ:
Մուշեղ Մկրտչյանի մրցակիցը եզրափակիչում կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռախիմ Մագամադովը:
Կնյազ Իբոյանը ոսկե մեդալի համար կպայքարի թուրք Մուհամեդ Գիմրիի հետ:
Հայաստանի հավաքականի կազմում հուլիսի 1-ին բրոնզե մեդալակիրներ են դարձել Նարեկ Գրիգորյանը (79 կգ) եւ Անդրանիկ Ավետիսյանը(65 կգ):
The post Երիտասարդական ԵԱ․ Լեւիկ Միքայելյանը՝ արծաթե մեդալակիր appeared first on ԳԱԼԱ.
