Եվրոպական խաղեր. Թեքբոլիստներ Գոռ Սարգսյանն ու Ռաֆայել Վարդանյանը 1/4 եզրափակչում ավարտեցին ելույթները
Լեհաստանում ավարտին մոտեցող Եվրոպական ամառային երրորդ խաղերում մրցապայքարի են դուրս եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչները՝ թեքբոլիստներ Գոռ Սարգսյանն ու Ռաֆայել Վարդանյանը, որոնք հանդես են եկել տղամարդկանց զուգախաղում ու հաղթահարելով խմբային փուլը՝ դուրս եկան քառորդ եզրափակիչ:
Տղաներն ընդգրկվել էին C խմբում, որտեղ մրցել են Սլովակիայի և Ռումինիայի ներկայացուցիչների հետ: Սլովակների նկատմամբ տարած 2-0 հաշվով վստահ հաղթանակից հետո Գոռն ու Ռաֆայելը, մրցելով Ռումինիայի թիմի դեմ, գրեթե հավասար խաղում, պայքարեցին մինչև վերջ, սակայն մրցավարական կողմնակալության պայմաններում 1-2 հաշվով բաց թողեցին հաղթանակը: Ի դեպ, Ռումինիայի թիմի կազմում հանդես է գալիս աշխարհի գործող չեմպիոն Ապոր Գյորգիդեկը:
Արդյունքում, Հայաստանի ներկայացուցիչները լավագույն երկրորդ տեղով դուրս եկան քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպեցին զուգախաղում աշխարհի գործող չեմպիոններ սերբ Բոգդան Մարոյևիչին ու Նիկոլա Միտրոյին: Այս խաղում արդեն ուժեղ գտնվեցին սերբերը:
Այսպիսով, Հայաստանի հավաքականներն ավարտեցին իրենց ելույթները Եվրոպական ամառային երրորդ խաղերում՝ նվաճելով 3 մեդալ՝ մեկ արծաթե ու երկու բրոնզե:
Խաղերի փոխչեմպիոն են հռչակվել հրաձիգներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը՝ 10մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում դառնալով ոսկե մեդալակիր և սահմանելով Եվրոպական խաղերի ռեկորդ, իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել կարատեիստ Անիտա Մակյանն ու մուայթայիստ Նարեկ Խաչիկյանը:
Կրակովում անցկացվել է նաև կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը՝ ի դեմս Էլինա Դանիելյանի և Շանթ Սարգսյանի, նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
The post Եվրոպական խաղեր. Թեքբոլիստներ Գոռ Սարգսյանն ու Ռաֆայել Վարդանյանը 1/4 եզրափակչում ավարտեցին ելույթները appeared first on ԳԱԼԱ.
