Գրիգորյանը Հաջիևի հետ պանելային քննարկմանը կոչ է արել զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից
ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ Գրիգորյանը մասնավորապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների վերաբերյալ միջազգային մեխանիզմի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցերին: ԱԽ քարտուղարը շեշտել է բանակցային գործընթացում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման անհրաժեշտությունը՝ կոչ անելով զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հանդիպումը գրեթե մեկ տարի առաջ էր՝ 2022-ի սեպտեմբերի 28-ին Վաշինգտոնում։ Վաշինգտոնյան հանդիպումից հետո Գրիգորյան-Հաջիև հեռակա բանավեճ սկսվեց․ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար միջազգային մեխանիզմներ ստեղծելու շուրջ։ Հաջիևը «կեղծիք» որակեց Գրիգորյանի հայտարարությունը։ «Ես զարմանում եմ, որ հերքվում է փաստված բանը», - արձագանքեց ՀՀ ԱԽ քարտուղարը։
