Երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է Ստրասբուրգի դատարան
Բաքուն պետք է եվրոպական դատարան ներկայացնի տեղեկություններ զինծառայողների պահման պայմանների, առողջական վիճակի վերաբերյալ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս նրանց չեն այցելել։ Հետևում ենք զարգացումներին , պատրաստ ենք գործել ըստ իրավիճակի, ասաց գրասենյակի ներակայացուցիչ Զառա Ամատունին։
Զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը Սյունիքի Շիկահող գյուղի միջդիրքային հատվածից էին անհետացել, ուրբաթ երեկոյան «Կամազ»-ով սնունդ, ջուր էին տարել հենակետեր ու վերադառնում էին։ Հետո արդեն մեքենան գտնվել է առանց զինծառայողների, ընդ որում՝ շարժիչը գործարկված վիճակում, մեքեննայի մեջ էլ զինվորներից մեկի ինքնաձիգը։ Քննչական կոմիտեի տվյալով, ադրբեջանական զինված խումբն է հատել Հայաստանի սահմանն ու առևանգել զինծառայողներին։
Պաշտոնական Բաքուն խոսում է դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, իբրև թե հայ զինծառայողների խումբը ահաբեկչության ծրագրով հատել է հայ-ադրբեջանական սահմանը, կրակ է բացել Ռազդարա գյուղի տարածքում սահմանը հսկող զինծառայողների ուղղությամբ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս ամենը սուտ ու ապատեղեկատվություն է որակում։ Երկու զինծառայողները դիվերսիոն նպատակ չէին կարող ունենալ, նրանցից մեկի զենքը մեքենայում է եղել։
34-ամյա պայմանագրային Հարություն Հովագիմյանի մայրն ասում է՝ որդին այդ նույն դիրքեր կանոնավոր սնունդ էր տանում. - «Ինքը միշտ էլ էդ ճանապարհով գնում-գալիս ա, ինքը տեղյակ ա ճանապարհին, ոչ մի սսնտի ճանապարհից չի շեղվել»։
Ադրբեջանական կողմը խոսում է կրակոցներով ուղեկցված դիվերսիայի կանխման մասին։
«Ոչ մի կրակոց բան չի եղել», - ասում է Շիկահող գյուղի բնակիչ Սամվել Աղաբեկյանը։
Դեպքը Շիկահողից մի քանի կիլոմետրի վրա է տեղի ունեցել։ Աղաբեկյանն ասում է՝ այդ հատվածում ավելի բարձր տեղակայված հայկական դիրքեր կան, ենթադրում է, որ ադրբեջանցիները հաջողացրել են դարանակալել խիտ անտառում. - «Խիտ անտառ ա, ճանապարհն էլ անտառի միջով գնում ա»։
Բաքուն երկու հայ զինծառայողների դեմ ահաբեկչության և ապօրինի մաքսանենգության հոդվածներով քրեական գործ է հարուցել, կալանավորել նրանց։
