Զոհվածի ծնող Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, Արշակունյաց պողոտան շարունակում է փակ մնալ․ իրավիճակը երբեմն լարվում է (թարմացվող)
Քննչական մարմինը զոհվածի ծնող Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանը հայտարարեց, որ քննչական մարմինը ներկայացրել է նաև կալանքի միջնորդություն։ Ցավալի է, բայց փաստ»,- ասաց նա։
Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի քննության նիստում քննվելու է նաև նրա կալանավորելու՝ քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը։ Քննությունը նախատեսված է ժամը 01։00-ին։
Կառավարությունը մեծ թվով ոստիկանական ուժեր է կենտրոնացրել է Շենգավիթի դատարանի մոտ։ Իրավիճակը առաջին ատյանի դատարանի նստավայրի մոտ երբեմն լարվում է։
Դատարանին հարակից Արշակունյաց պողոտան փակ է։ Ձերբակալված Գայանե Հակաոբյանի աջակիցները փակել են այն՝ կոչ անելով ազատ արձակել։
Զոհվածների ծնողները քիչ առաջ փակել էին Արշակունյաց պողոտան ու քայլերթ էին անում՝ կոչ անելով ազատ արձակել Գայանե Հակոբյանին։
Դատարանում ընթանում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափության հարցը։
Հավաքվածների թվում են պատերազմում զոհվածների մեծ թվով հարազատներ, որոնք կոչ են անում ազատ արձակել Հակոբյանին։ Դատարանի մոտ է նաև Հակոբյանը դուստրը, որին չեն թողնում տեսնել մորը։
