Պակիստանում բողոքի ցույցեր են սկսվել նախկին վարչապետ Խանի ազատ արձակման դեմ
Պակիստանի իշխող կոալիցիայի ավելի քան 20 հազար կողմնակիցներ հավաքվել են երկրի Գերագույն դատարանի մոտ՝ բողոքելով նախկին վարչապետ Իմրան Խանի ազատ արձակման դեմ, հայտնել է Bloomberg-ը։
Մայիսի 12-ին նա գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից այն բանից հետո, երբ քաղաքական գործչի կողմնակիցների բողոքի ակցիաները տակնուվրա են արել երկիրը:
Պակիստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Մաուլան Ֆադալ-Ռահմանի և Պակիստանի «Մուսուլմանական լիգա» կուսակցության առաջին փոխնախագահ Մարիամ Նավազ Շարիֆի գլխավորությամբ կուսակցությունների առաջնորդները բողոքի ակցիաների ժամանակ դիմել են իրենց կողմնակիցներին։
Express Tribune-ը գրել է, որ ցուցարարները նստացույց են արել, իսկ կառավարման հանձնաժողովը սկսել է վրաններ խփել դատարանի շենքի մոտ։ Bloomberg-ը հայտնում է, որ ցուցարարները պահանջում են գլխավոր դատավորի հրաժարականը։
Մայիսի 9-ին Իմրան Խանը բերման էր ենթարկվել ոստիկանության կողմից։ Նա ու նրա կինը՝ Բուշրա Բիբին, մեղադրվում են կոռուպցիայի և Al Qadeer Trust-ի՝ ընտանեկան հիմնադրամի օգտագործման, պետական բյուջեից 50 միլիարդ պակիստանյան ռուփի (մոտ 175 միլիոն դոլար) յուրացնելու համար՝ Ալ Քադիր համալսարանի ստեղծման ժամանակ:
Հաջորդ օրը՝ մայիսի 10-ին, Իսլամաբադի Գերագույն դատարանն 8 օրով կալանովորել էր Խանին։ Դրանից հետո Պակիստանում սկսվել էին նրա կողմնակիցների զանգվածային բողոքի ցույցերը։ Dawn պորտալի տվյալներով՝ երկրի տարբեր շրջաններում բողոքի ցույցերի արդյունքում ավելի քան 1000 մարդ էր բերման ենթարկվել։ Մայիսի 11-ին Պակիստանի դատարանը քաղաքական գործչի ձերբակալությունն անօրինական էր ճանաչել ու կարգադրել նրան անհապաղ ազատել կալանքից։ Մայիսի 15-ին Բիշրա Բիբին էր գրավի դիմաց ազատ արձակվել։
