ԱՄՆ կոնգրեսականները կասկածներ ունեն, որ ԿՀՎ-ն թաքցրել է Բայդենի որդու նոութբուքի սկանդալը
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) պաշտոնյաները գուցե նպաստել են այն պնդումների տարածման փորձերին, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի որդուն պատկանող նոութբուքի տեղեկատվությունը ռուսական ապատեղեկատվություն է։ Այս մասին ասված է չորեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովի կայքում հրապարակված զեկույցում, գրել է ТАСС-ը։
Ինչպես նշվում է փաստաթղթում, մինչ ԱՄՆ նախորդ նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերին, լրատվամիջոցներում հրապարակվել են ԱՄՆ ներկայիս առաջնորդի որդուն՝ Հանթեր Բայդենին պատկանող նոութբուքի տվյալները։ Այս տվյալները ցույց էին տալիս, որ Ջո Բայդենը, լինելով ԱՄՆ փոխնախագահ, կարող էր կապված լինել իր որդու բիզնեսի հետ։ Ավելի ուշ հրապարակվել է նամակ՝ ստորագրված ամերիկյան հետախուզության նախկին 51 աշխատակիցների կողմից։
Նրանք պնդել էին, առանց ապացույցներ բերելու, որ Հանթեր Բայդենի նոութբուքի պատմությունն ուներ «ռուսական տեղեկատվական գործողության բոլոր դասական նշանները»: Այնուհետև դեմոկրատներն անդրադարձել են այս նամակին՝ փորձելով հերքել նոութբուքից ստացված տվյալների իսկությունը:
Հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ օրենսդիրներն «ապացույցներ ունեն, որ ԿՀՎ-ն կամ առնվազն ԿՀՎ-ի աշխատակիցները գուցե աջակցել են ստորագրահավաքին»: Նախկինում գերատեսչությունում աշխատող Դեյվիդ Կարիենսը հանձնաժողովի անդամներին ասել է, որ ԿՀՎ աշխատակիցներն իրեն տեղեկացրել են նամակի մասին ու հարցրել, թե արդյոք նա ստորագրելու է այն։ Նա համաձայնել է դա անել։
2022 թվականին ամերիկյան լրատվամիջոցները ներկայացրել են անկախ փորձագետների գնահատականները, որոնք հայտարարել են, որ Հանթեր Բայդենի նոութբուքում հայտնաբերված տվյալները կեղծված կամ փոփոխված չեն։
The Washington Post-ը մարտին հայտնել էր, որ Հանթեր Բայդենն իբր ստացել է գրեթե 5 միլիոն դոլար չինական CEFC էներգետիկ ընկերությունից: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս մեղադրել է Ջո Բայդենին ստելու և կոռուպցիայի մեջ ներգրավվածության համար։ Հանրապետականը դեմոկրատին անվանել է «կոռումպացված քաղաքական գործիչ, որը չի կարող մրցել նախագահի պաշտոնի համար»։
