Ինչի՞ց է գոհ Ծառուկյանը, իր բիզնեսնե՞րն են ծաղկում, եթե այդպես է, ուրեմն թող նա հենց իր բիզնեսով միայն զբաղվի. Գագիկ Համբարյան
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը թողնում եմ իր իսկ խղճին, իսկ ի՞նչ չի փոխվել Հայաստանում 2018-ից հետո։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Քաղաքագետը անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ այսօր դատարանի բակում արած այն հայտարարությանը։ Ծառուկյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք չի փոշմանել, որ 5 տարի առաջ ԲՀԿ-ն ընտրել է Նիկոլ Փաշինյանին, ասել է՝ «ինչի համար պետք է փոշմանեի, երկրում ինչ որ բա՞ն է փոխվել, անվտանգությունը, բարեկեցությունը փոխվե՞լ է։
«Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը թողնում եմ իր իսկ խղճին, շատ հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ չի փոխվել Հայաստանում 2018թ-ից հետո, Հայաստանը հաղթանակած պետությո՞ւն է, Հայաստանը պատիվ ու արժանապատվություն ունեցող պետությո՞ւն է։
Ինչից է գոհ պարոն Ծառուկյանը, իր բիզնեսներն են ծաղկո՞ւմ, եթե այդպես է, ուրեմն թող նա հենց իր բիզնեսով միայն զբաղվի։ Ինձ համար շատ բան է փոխվել Հայաստանում 2018-ց հետո»,- ասաց Գագիկ Համբարյանը։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և ընդդիմության գործողություններին, Համբարյանը նշեց․
«2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո խորհուրդ եմ տվել ընդդիմությանը վայր դնել մանդատները ու չմասնակցել Փաշինյանի կազմակերպած շոուին ու չլեգիտիմացնել նրան։ Չի՛ կարելի պայքարել իշխանությունների դեմ՝ նույն իշխանության մատուցած օրակարգով»։
Խոսելով արտաքին քաղաքական զարգացումների և մասնավորապես հայ–ադրբեջանական բանակցությունների մասին Համբարյանն ասաց, որ չենք կարող այս պահին ինչ-որ հայտարարություններ անել, որ Վաշինգտոնյան բանակցությունները ձախողվել են, դրա համար է Նիկոլ Փաշինյանը մեկնում Մոսկվա։
«2022թ-ի փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստան- Արևմուտք հարաբերությունները կտրուկ սրվեցին ու մեխանիկորեն Մինսկի խմբի ֆորմատը ՀՀ իշխանությունների ակտիվ ջանքերի շնորհիվ ամբողջությամբ քանդվեց, Արցախյան խնդրի ու հայ-ադրբեջանական խնդրի հարաբերությունների շուրջ բանակցություններում մենք չենք տեսնում կոնսենսուս։
Եթե նախկինում Արևմուտքը և ՌԴ-ն համատեղ էին առաջարկում ծրագրեր, հիմա, սակայն, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Արևմուտքը և Ռուսաստանը Արցախյան բանակցությունների ծանրակշիռ մասը փորձում են իրենց վրա վերցնել։ Հայաստանը վաշինգտոնյան բանակցություններից առաջ ունեցել է Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածություն, ինչի մասին հայտարարել է Զախարովան, դրանից ժամեր անց պաշտոնական Բաքուն բացահայտեց, որ Հայաստանը սեպարատ բանակցություններ է վարում ամերիկացիների հետ։
Ուշագրավ է, որ Բայրամովը հայտարարեց՝ մենք շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ-ին, որ պարտադրեց Հայաստանին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Մոսկվայում շատ լավ հասկացել են Փաշինյանի՝ «երկու աթոռների վրա նստելու» քաղաքականությունը»,- ասաց նա։
Քաղաքագետը նշեց, որ Փաշինյանին ուղղակի «բերման» են ենթարկում Մոսկվա՝ որոշակի ուղերձներ փոխանցելով Վաշինգտոնին։
«Անպատասխանատու արտաքին քաղաքականություն վարելով՝ Հայաստանը հայտնվել է ոչ թե բանակցություններր սեղանի շուրջ, այլ սեղանի վրա»։
