Արաբական երկրները կոչ են արել դուրս բերել բոլոր օտար ուժերը Սիրիայից
Արաբական երկրները հանդես են գալիս սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման օգտին, որը կհանգեցնի այնտեղ անօրինական կերպով ներկա բոլոր օտար ուժերի դուրսբերմանը երկրից։ Այս մասին ասվում է Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Սաուդյան Արաբիայի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարների երկուշաբթի օրն Ամմանում կայացած հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ, գրել է ТАСС-ը։
«Քաղաքական լուծումը պետք է պահպանի Սիրիայի ինքնիշխանությունը, բավարարի նրա ժողովրդի ձգտումները և ազատի նրան ահաբեկչությունից»,- մեջբերում է Al Hadath հեռուստաալիքը հայտարարությունից հատվածներ։ «Քաղաքական լուծումը պետք է հանգեցնի Սիրիայում անօրինական կերպով ներկա բոլոր օտար ուժերի դուրսբերմանը»,- ընդգծել են հանդիպման մասնակիցները։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս հանդիպումը «նշանավորում է կանոնավոր հանդիպումների սկիզբը, որոնց հիման վրա կշարունակեն բանակցությունները՝ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համաձայն սիրիական ճգնաժամի լուծմանը»:
«Անհրաժեշտ է աջակցել Սիրիային և նրա հաստատություններին տարածքների նկատմամբ վերահսկողությունն ընդլայնելու և նրա գործերին արտաքին միջամտությունը դադարեցնելու ջանքերում», - ընդգծել են արաբական ԱԳ նախարարները։
