ՀՀ ԱԺ-ում մեզ հաճախ են վիրավորում, բայց եկեք կրակի վրա յուղ չլցնենք․ Արցախի ԱԺ պատգամավոր
Արցախի Հանրապետության ԱԺ ամբիոնից ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն ընդգծեց ՀՀ-ի ու Արցախի խորհրդարանների միջև հարաբերությունների վերականգման ու երխոսության կարևորությունը՝ նշելով, որ մի շարք քաղաքական հարցերի լուծումներ նաև դրանից են կախված։
«Ես կուզենայի, որ ճիշտ ընկալում ու ճիշտ ըմբռնում լինի ՀՀ-ի մեր գործընկերների մոտ՝ առանց մեզ վիրավորելու, իսկ ես կարծում եմ, որ իրենք մեզ վիրավորում են համապատասխան արտահայտություններով, համապատասխան տեսակետներ ներկայացնելով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հայտարարությունները շատ հաճախ կամ գրեթե միշտ լինում են միասնական ձևաչափով, ԱԺ-ում ներկայացված 5 ուժերի ձևաչափով, իսկ սա մեր մեծագույն նվաճումներից մեկն է, որին կարող են հետևել նաև Հայաստանի մեր գործընկերները և այդ համախոհության մթնոլորտի դրսևորումը իրենց համար դարձնել մշակույթ։
Ուզում եմ առաջարկել առաջիկայում կազմակերպել առցանց հանդիպում, եթե հնարավոր լինի միջխորհրդարանական հանձնաժողովների ձևաչափի մակարդակով, իսկ եթե ոչ, պա խմբակցությունների ղեկավարների, ԱԺ փոխնախագահների մակարդակով, բաց կամ փակ հանդիպում՝ քննարկելու նմանատիպ հարցեր: Մենք ունենք քաղաքական պատասխանատվություն, քաղաքական կամք ու գիտակցում մեր յուրաքանչյուր խոսքի ու գործողությունների համար»,- հայտարարեց նա:
Իշխանյանը հույս հայտնեց, որ իր առաջարկը կողջունվի և պատգամավորները հետևողականություն կդրսևորեն այս հարցում։
«Կարծում եմ՝ այս առաջարկը կողջունվի, և մենք որոշակի հետևողականություն կդրսևորենք, որ ոչ թե կրակի վրա յուղ լցնելու, այլ կրակը մարելու քայլ ձեռնարկենք: Մեր մեկնած ձեռքը Հայաստանի մեր գործընկերները կարծում եմ՝ կընդունեն և համապատասխան եզրակացություններ կանեն»,- ասաց Դավիթ Իշխանյանը։
