Արցախում չկան Բաքվի հետ ինտեգրացիայի կողմնակիցներ, նախագահի հայտարարությունը շատ վտանգավոր էր․ Կարեն Միրզոյան (տեսանյութ)
Արցախում չկան Բաքվի հետ ինտեգրացիայի կողմնակիցներ, Արայիկ Հարությունյանի հայտարարությունը շատ վտանգավոր էր ու ապակառուցողական։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը․
«Զարմանքի է արժանի Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, Արցախում նման տրամադրություններն իսպառ բացակայում են։ Որևէ հիմք չկա պնդելու, որ կան նման մարդիկ, որոնք կարող են գերակշիռ տեսակետ ձևավորել։
Իսկ Հայաստանի իշխանությունները մաքսիմալ դիստանցիա են պահում Արցախի հարցից։ Դրա համար էլ հղում են անում արտաքին աշխարհին, որն իբր ճնշում է և ստիպում նվազեցնել մեր պահանջները Արցախի հարցում։ Սակայն միջազգային խաղացողների վերջին հայտարարությունները ապացուցում են հակառակը։ Նաև դրանց վրա հենվելով կարող ենք առաջ տանել մեր շահը։ Խնդիրն այն է, որ չկա հայկական կարծիք։ Պաշտոնական Երևանի տեսակետը հայ ժողովրդի տեսակետը չէ։ Անգամ պաշտոնական տեսակետն է հեղհեղուկ ու հակասական։ Գիտենք թե Բաքուն ինչ է ուզում, Երևանից ունենք հախուռն ելույթների խառնուրդ։ Հայ-ադրբեջանական բանակցություններում Հայաստանը չէ օրակարգ ձևավորողը»,-նշել է Միրզոյանը։
Նրա գնահատմամբ նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա չէր, թուղթ էր զինադադարի մասին, մինչդեռ իշխանություններն, իրենց ապաշնորհ քաղաքականության պատճառով, այն դարձրին կապիտուլյացիոն։ Իշխանության քարոզած համապարփակ խաղաղության և կովկասյան խաչմերուկի գաղափարներն, ըստ Միրզոյանի, ուտոպիստական են։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
