Ջերմուկում կորսված դիրքերը մարտավարական տեսանկյունից էդքան կարևոր չեն, ռազմավարական տեսանկյունից են կարևոր. ԳՇ պետի տեղակալ
Մինչդեռ Ջերմուկում բնակվողներն ասում են՝ ադրբեջանցիները ոչ միայն չեն հեռացել, այլև դիրքերն են ամրացնում։ Ջերմուկցի Շիրակ Բունիաթյանն ասում է՝ դա քաղաքից իրենց անզեն աչքով տեսանելի է. - «Էդ հատվածը, որտեղ որ առաջ են եկել։ Ջերմուկից մի քիչ վերև հատվածում որ կանգնում ես, իրանք տեսանելի են, ինժեներական ակտիվ աշխատանքի մեջ են։ Տրակտորներ ա աշխատել, որ տեսել ենք։ Ես ռազմական գիտելիքների չեմ տիրապետում, չեմ կարող ասել իրանք շրջափակման մեջ են թե չէ, բայց տեսել եմ, որ ընտեղ իրանց թիկունքից մարդիկ են գալիս-գնում, տեխնիկա ա գալիս-գնում... Եթե դա կարելի ա համարել շրջափակում, ուրեմն ես լավ չգիտեմ, թե շրջափակումը որն ա»։
Ավելի վաղ Ջերմուկի ուղղությամբ խորացած 10-12 հոգանոց ադրբեջանական խմբի մասին խոսել էր Գլխավոր շտաբի պետը։ Էդվարդ Ասրյանը նաև ցույց էր տվել տեղանքը, թե՝ գագաթի վրա են՝ հավելելով, որ եթե այդ խումբը ջուր ու սնունդ չստանա, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն, և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ:
«Խումբը կողքերից շրջափակված են մեր ստորաբաժանումների կողմից, այսինքն` մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն, և մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա», - ասել էր նա:
Գլխավոր շտաբի պետի այս հայտարարությունից հետո, երեկ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը չհստակեցնելով տեղանքը, հայտարարեց, երկու օր առաջ ադրբեջանական կողմը Հայաստանից տարածքից հարվածներ է հասցրել ինժեներական աշխատանքներ կատարող հայկական ստորաբաժանման ուղղությամբ։ Արդյոք Ջերմուկը նկատի ուներ, չհստակեցրեց. - «Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն են իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում»:
Ադրբեջանական վերջին հարձակումից երկու շաբաթ անց Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչը մի կողմից պնդում է, թե Ջերմուկում կորսված դիրքերը մարտավարական մեծ կարևորություն չունեին, մյուս կողմից խոստովանում՝ դրանք գրաված ադրբեջանական կողմը դիտարկում է հայկական բնակավայրերը. - «Վերջին դեպքերի վերաբերյալ ամենամեծ տարածքային կորուստները մենք ունեցել ենք Ջերմուկի հատվածում։ Ստեղ տարածքային որ ասեմ լուրջ առաջխաղացում իրանք ունեցել են, չէ։ Իրանց հաջողվել ա մի քանի մարտական դիրք գրավել, բայց էդ մարտական դիրքերը մարտավարական տեսանկյունից էդքան կարևոր չեն։ Ռազմավարական տեսանկյունից դրանք կարևոր են, որովհետև դրանք անմիջականորեն կախված են մեր բնակավայրերի վրա»։
Երեկ այս մասին Գեղարքունիքի մարզում խոսել էր գլխավոր շտաբի պետի տեղակալը՝ չհստակեցնելով, սակայն, սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո Հայաստանի կորցրած դիրքերի թիվը։
Առաքել Մարտիկյանը պատախանելով դեսպանների ու լրագրողների հարցերին՝ որոշ մանրամասներ է ներկայացրել. - «Գեղարքունիքի մարզում ամսի 13-ի դեպքերից էն մարտական դիրքերը, որոնք մենք ստիպված ենք եղել թողնելու, ադրբեջանցիներին հաջողվել է մտնել միայն այն դիրքերը, որտեղ մինչև վերջ կանգնել են մեր զինվորները և զոհվել»։
