«Հիմա, երբ իրավիճակն այսքան լարված է, շատ կարևոր է խուսափել լարվածության աճ հրահրող ցանկացած քայլից». Պեսկովը՝ ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման նախագծի մասին
Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման նախաձեռնության հեղինակները չպետք է փորձեն որոշակի քաղաքական միավորներ վաստակել նման նուրբ և փխրուն հարցում, այժմ շատ կարևոր է խուսափել քայլերից, որոնք կարող են իրավիճակի լարվածության աճ հրահրել, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես չեմ խոսի այս հարցի արդիականության մասին և, ինչպես նախկինում, չեմ մեկնաբանի բուն նախաձեռնությունն այն թղթով, որը դեռ Դումայում քննարկվում է։ Այս քննարկումը պետք է կայանա: Բայց այստեղ, իհարկե, կցանկանայի նշել, որ հիմա, երբ իրավիճակն այսքան լարված է և զգայուն, շատ կարևոր է, իհարկե, խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հրահրել լարվածության աճ», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլի տեսանկյունից ինչո՞վ է արդիական Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցը:
ՌԴ կոմկուսի խմբակցության պատգամավորները՝ նրա առաջնորդ Գենադի Զյուգանովի գլխավորությամբ, չորեքշաբթի Պետդումայի քննարկմանն են ներկայացրել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախության ճանաչման անհրաժեշտության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված պալատի դիմումի նախագիծը:
Որոշման նախագծի համաձայն՝ Պետդուման դիմում է պետության ղեկավարին՝ «խնդրելով քննարկել Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության՝ որպես ինքնուրույն, ինքնիշխան և անկախ պետությունների ճանաչման հարցը»:
