Գրկախառնություն, համբույրներ․ Ջենիֆեր Լոպեսին ու Բեն Աֆլեքին նկատել են երգչուհու քրոջ 50-ամյակի ընթրիքին (լուսանկարներ, տեսանյութեր)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և հայտնի դերասան Բեն Աֆլեքը միասին ընթրել են Մալիբուի «Նոբու» ռեստորանում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ զույգը ներկա է գտնվել երգչուհու կրտսեր քրոջ՝ Լինդայի 50-ամյակի ընթրիքին։
51-ամյա Լոպեսին և 48-ամյա Աֆլեքին ուղեկցել են երգչուհու երկվորյակ երեխաները՝ 13-ամյա Մաքսիմիլիանն ու Էմման։ Պարբերականը նշել է, որ, չնայած ընտանեկան միջավայրում լինելուն, զույգը դեռահասների պես ամբողջ ընթացքում գրկախառնվել է և համբուրվել։
People ամսագրի աղբյուրներից մեկը նշել է, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն այդ ամբողջ ընթացքում սեղանի տակ միմյանց ձեռք են բռնել, և հավելել, որ Լոպեսի երկվորյակները Բենի հետ իրենց լավ են զգում։
Պապարացիների արած լուսանկարներում Ջենիֆեր Լոպեսը կրում է բաց կաթնագույն երկար զգեստ՝ իր տեսքն ամբողջացելով մեծ արծաթագույն օղերով և վզնոցով։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։ Աղբյուրը նշել է, որ Լոպեսի և Աֆլեքի հարաբերությունները երգչուհու նախկին փեսացուին զարմացրել են։
Բացի այդ, դերասանուհին նաև ամուսնացած է եղել պարող Քրիս Ջուդի և Օջանի Նոայի, ինչպես նաև հայտնի երգիչ Մարք էնթոնիի հետ, որի հետ ամուսնությունից զույգ երեխաներ ունի։ Բեն Աֆլեքը, իր հերթին, ամուսնացած է եղել դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ և ունի 3 երեխա։
