«Հայաստանում առկա է 5-րդ շարասյուն, որը սպասարկում է օտար շահեր և գործում ազգային շահերի դեմ». Հ. Խուրշուդյան
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վիճակի, տնտեսական խնդիրների և հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ:
— Պարոն Խուրշուդյան, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տարբեր հայտարարություններով հանդես եկավ, քննադատեց գործող իշխանություններին՝ ասելով, թե ձախողել են: Պատահակա՞ն էր արդյոք նրա ծավալուն ելույթն ընդդիմադիր ուժերի ակտիվացման ու կորոնավիրուսի համավարակի և տնտեսական այս բարդ ժամանակահատվածում:
— Չեմ կարծում, որ պատահական էր։ Սկսեմ նրանից, որ համաճարակի բռնկման պայմաններում նման նախաձեռնությունն անընդունելի է։ Դա իրավիճակը կայունացնելու փոխարեն ապակայունացնելուն ուղղված քայլ էր։ Ես կարծում եմ, որ այդ քայլն արվեց արտաքին հովանավորչությամբ և դրդմամբ, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից ինչ-ինչ ծրագրեր իրականացնելու, այդ թվում՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու և արցախյան հարցում հայկական կողմից տարածքային զիջումներ կորզելու նպատակով։
— Կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության մեջ ի՞նչը սխալ արվեց և ի՞նչը հանգեցրեց մեր երկրում համաճարակային վիճակի վատթարացմանը։ Իշխանությունները ինչո՞ւ հապաղեցին և ինչո՞ւ չեն ընդունում մեղքի ու պատասխանատվության իրենց բաժինը։
— Կորոնավիրուսը հիվանդություն է, որը նոր է ցանկացած երկրի համար։ Շատ զարգացած երկրներ նույն ճանապարհն անցան, ինչ հիմա Հայաստանն է անցնում։ Ես ժամանակին պնդել եմ, որ եթե կարանտինը հանվում է, պետք է մասնակի հանվի, այսինքն՝ ոչ բոլոր ընկերություններին պետք է թույլ տրվեր աշխատել։ Օրինակ՝ ռեստորանները, սրճարանները, այն ձեռնարկությունները, որոնցում ռիսկ կար կուտակումների, պետք էր շարունակել փակ պահել:
Կարելի էր նույնիսկ նման ընկերություններին որոշակի փոխհատուցում տալ բյուջեից, որն այդքան էլ մեծ չէր լինի, եթե հաշվի առնենք, որ տնտեսության մեծ մասը շարունակում է աշխատել։ Դրանով ոչ թե կանխելու էինք վիրուսի տարածումը, այլ կառավարելու էինք վիրուսի տարածման տեմպը, նվազեցնելու էինք այն, որպեսզի առողջապահական համակարգը հասցներ սպասարկել բոլոր հիվանդներին, որովհետև առաջնային խնդիրը դա է։
Հնարավոր չէ վերացնել վիրուսը, կարանտինը դա ցույց տվեց։ Նույնիսկ խիստ սահմանափակումների պայմաններում շարունակվում էր վիրուսի տարածումը, թեև ավելի ցածր տեմպով: Դա նշանակում է, որ ռազմավարությունը պետք է լինի ոչ թե վիրուսի ոչնչացումը, այլ դրա տարածման կառավարումը, սահմանափակումներն այնքան ժամանակ և այնպիսի ծավալով, որ առողջապահական համակարգը հասցնի բուժման կարիք ունեցող քաղաքացիներին սպասարկել։
— Վարչապետը, երբ խոսում է հանրային վերահսկողությունից, ասում է՝ արձանագրած խախտումների լուսանկարներն ու տեսանյութերն ուղարկեք իմ էջին կամ հրապարակեք ձեր սոցցանցի էջերում։ Այս դեպքում չե՞ն խախտվում անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի դրույթները, և ընդհանրապես, արդյո՞ք բնակչությանը զգոն պահելու լավագույն տարբերակը սա է:
— Երբ մենք գտնվում ենք արտակարգ դրության պայմաններում, պետք է հաշվի առնել, որ դա սովորական իրավիճակ չէ, և խոսքը մարդկանց կյանքեր փրկելու անհրաժեշտության մասին է, ընդ որում՝ հարյուրավոր մարդկանց կյանքերի։
Ես այս ամենին չեմ ուզում իրավական գնահատական տալ։ Բայց տեսանելի է դրական արդյունքը։ Վարչապետի հայտարարած ֆլեշմոբի արդյունքում նվազել է խախտումների թիվը։ Ինչ-որ դրական ազդեցություն թողնում է այս պայքարը, որ հիմա տանում են իշխանությունները անպատասխանատու մոտեցման դեմ։
— Ոստիկանների մասնակցությամբ վերջին հայտնի միջադեպի մասին ի՞նչ կասեք. կոշտ գործողությունները նման դեպքերում իրավաչա՞փ են:
— Այո, իրավաչափ են, որովհետև քաղաքացին չէր ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, շատ վատ էր իրեն պահել, վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել, բայց այդ ամենը չկար տեսանյութում։ Տեսանյութը վերջին հատվածից էր հրապարակված։
Ես այատեղ միտում եմ տեսնում՝ իրավիճակն ապակայունացնելուն ուղղված, և այդ տեսանյութը տարածողները հենց նույն նպատակն ունեն։ Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում առկա է 5-րդ շարասյուն, որը սպասարկում է օտար շահեր և գործում ազգային շահերի դեմ։
Անահիտ Չալիկյան
The post «Հայաստանում առկա է 5-րդ շարասյուն, որը սպասարկում է օտար շահեր և գործում ազգային շահերի դեմ». Հ. Խուրշուդյան appeared first on ԳԱԼԱ.
